Հայաստանում գործող որոշ միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունները դարձել են շահերի պաշտպան. Մամիջանյան
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի պնդմամբ՝ եթե Նիկոլ Փաշինյանը փնտրում է 44-օրյա պատերազմի հետևանքով հայ ժողովրդի գլխին թափված աղետների պատճառը, ապա թող նայի հայելու մեջ՝ այդ պատճառը տեսնելու համար։
«Չդադարող մղձավանջի պատճառը նստած է Հայաստանի Կառավարության շենքում, այսօր էլ Ազգային ժողովում ինչ-որ հանճարեղ մտքեր էր հայտնում»,- ԵՄ գրասենյակի դիմաց «SOS Artsakh» 24-ժամյա նստացույցի ժամանակ 168.am-ի հետ զրույցում ասաց Մամիջանյանը։
Ըստ նրա՝ շատ կարևոր է այդ աղետի՝ Արցախում կատարվողի վերաբերյալ միջազգային հանրության ուշադրությունը, սակայն, ցավալի է, որ Հայաստանում գործող որոշ միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ դարձել են շահերի պաշտպան։
«Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների գործերով նրանց լռությունը դրանով է բացատրվում։ Ինչ վերաբերում է Արցախին, ապա մենք մեր լծակներն օգտագործում ենք Արցախի հարցը ճիշտ տրամաբանությամբ՝ ինքնորոշման իրավունքը բարձրաձայնելու համար։ Ես հասկանում եմ նաև որոշ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների դիրքորոշումը, որովհետև անհնար է պահանջել օտարազգի գործչից՝ լինել ավելի հայրենասեր, քան կարող է լինել մեր երկրի ոչ բարով ղեկավարը»,- ասաց Մամիջանյանը՝ ընդգծելով, որ միակ հարցը, որի շուրջ բանակցում է իշխանությունը, սեփական իշխանությունը պահպանելն է։
Մանրամասները՝ տեսանյութում։