Հայաստանի համալսարանները և Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանը հումանիտար և գիտական նախագծեր կզարգացնեն
Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանը (ՀԿԴՀ) Հայաստանի համալսարանների հետ համատեղ կզարգացնի համագործակցությունը հումանիտար ոլորտում, ինչպես նաև կիրականացնի ֆիզիկատեխնիկական պրոֆիլի գիտական նախագծեր: Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այս մասին լրագրողներին հայտնել են բուհի մամուլի ծառայությունում։
«ՀԿԴՀ-ի ռեկտոր Դմիտրի Բեսպալովը քննարկել է Հայաստանի բուհերի հետ հումանիտար և գիտական համագործակցության հեռանկարային ծրագրերը: ՀԿԴՀ պատվիրակությունն այցելել է Երևան, քննարկվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ գիտակրթական գործընկերության հարցեր: Տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հանդիպումը ՀԿԴՀ-ի ռեկտոր Դմիտրի Բեսպալովի հետ: Կողմերը քննարկել են հումանիտար ոլորտում համատեղ կրթական ծրագրերը և ֆիզիկատեխնիկական պրոֆիլի գիտական նախագծերը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մագնիսական կոլոիդների թեմայով գիտաժողովին մասնակցելու հրավերն առաջացրել է ԵՊՀ-ի գիտնականների հետաքրքրությունը, հանդիպմանը քննարկվել է նաև գիտական համագործակցությունը նանոմասնիկների ֆիզիկայի բնագավառում։ Համագործակցության հնարավոր հեռանկարների թվում է պատմության, միջազգային հարաբերությունների, արևելագիտության ոլորտներում որակավորման բարձրացման դասընթացների անցկացումը և համատեղ մագիստրոսական ծրագրի մշակումը, այդ թվում՝ կովկասագիտությունը:
Դմիտրի Բեսպալովը նաև շեշտել է, որ Հայաստանի համալսարանների հետ համատեղ արդեն հաջողությամբ իրականացվել են մի շարք երիտասարդական նախագծեր:
Մամուլի ծառայության տվյալներով՝ դաշնային համալսարանի ռեկտորը նաև ակադեմիական գործընկերների է հրավիրել ռուս-հայկական երիտասարդական համաժողովին, որն անցկացվելու է 2023 թ. սեպտեմբերին Ստավրոպոլում։ Նաև աշնանը կկայանան «Ճակատամարտ Կովկասի համար» միջազգային գիտագործնական խորհրդաժողովը և «Ռուսաստանն ու Անդրկովկասը պատմական հարթության և տարածության մեջ» (Գեորգիևսկի դաշնագրի ստորագրման 240-ամյակի առթիվ) միջազգային խորհրդաժողովը։