Քաղաքաշինության կոմիտեն և Զարգացման ֆրանսիական գործակալությունը քննարկել են շենքերի էներգաարդյունավետության վերաբերյալ հարցեր

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությանը՝ Հարավկովկասյան գրասենյակի տնօրենի տեղակալ Բերենժե Կալամանդի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկանում ենք Կոմիտեի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են քաղաքաշինության բնագավառում էներգաարդյունավետության միջոցառումների կիրառմանն առնչվող հարցեր: Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը տեղեկացրել է այդ ուղղությամբ օրենսդրական կարգավորումների մշակման և շենքերի էներգաարդյունավետությանը վերաբերող նորմերի ընդունման մասին: Նա ընդգծել է, որ ներկայում պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերում էներգաարդյունավետության միջոցառումների ներառումը պարտադիր պայման է:

Նախատեսվում են նաև մեխանիզմներ՝ խթանելու էներգաարդյունավետության միջոցառումների կիրառումը քաղաքաշինական մասնավոր ծրագրերում: Մշակված օրենսդրական նախաձեռնություններով նախատեսվում է աստիճանաբար իրականացնել ինչպես նոր կառուցվող, այնպես էլ գոյություն ունեցող շենքերի անձնագրավորում՝ շենքի վերաբերյալ համապարփակ տեղեկատվության մեջ ներառելով նաև էներգաարդյունավետության բնութագիր: Անդրադարձ է կատարվել նաև բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի դրական արդյունքներին:

Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները մանրամասներ են հաղորդել (ԶՖԳ) աջակցությամբ իրականացվող «Ջերմ օջախ» ծրագրի նպատակների և իրականացման ընթացքի վերաբերյալ: Դիտարկվել է վերջինս պետական տարբեր ծրագրերի հետ համադրելու հնարավորությունը:

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը՝ համադրելու էներգաարդյունավետության խնդիրների լուծմանն ուղղված ջանքերը:

Տեսանյութեր

Լրահոս