Բաժիններ՝

Կանոնակարգում, վերահսկողություն. տաքսի ծառայությունների ոլորտում նոր փոփոխություններ են սպասվում

Տաքսի ծառայությունների ոլորտում սպասվող բարեփոխումներով կառավարությունը նպատակ ունի կանոնակարգել այն։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ներկայացնելով մանրամասներ, նշեց, որ գործող օրենսդրությամբ առևտրային նպատակով ուղևորափոխադրում իրականացնող թեթև մարդատար ավտոմեքենաները պետք է լիցենզավորված լինեն, սակայն տարածում ունեցող առցանց հարթակների միջոցով ուղևորափոխադրումների հատվածը մնացել էր չկարգավորված։

«Առաջարկվում է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման գործունեությունը դարձնել ծանուցման ենթակա։ Այդ կազմակերպությունների համար սահմանվել է պետական տուրք տարեկան 1 մլն դրամ։ Դրանից բացի, քաղաքացին, որպես ֆիզիկական անձ, երբ օն-լայն(առցանց) հարթակի միջոցով ուղևորափոխադրում է իրականացնում, նույնպես պետք է վճարի պետական տուրք։ Եվ որպեսզի անձի վրա թղթաբանության ավելորդ բեռ չլինի, այդ պետական տուրքի գանձման, պետական բյուջե փոխանցումը դրվում է օն-լայն (առցանց) հարթակը շահագործող կազմակերպության վրա»,-ասաց Արմեն Սիմոնյանը։

Քանի որ փոփոխությունների գլխավոր նպատակը հարկելը չէ, այլ ոլորտում գործողներին օրինական դաշտ բերելն է, հետևաբար օրենսդրական նախագծով սահմանվել է ցածր պետական տուրք։ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից կանխիկ վճարումների դեպքում սահմանվում է 2 տոկոս, անկանխիկի դեպքում՝ 1,5 տոկոս։ Օրինակ՝ պայմանական Ա կետից Բ կետ ուղևորափոխադրման ժամանակ, երբ գումարը կազմի 1000 դրամ, ապա կգանձվի 20 կամ 15 դրամ՝ կախված, թե ինչ եղանակով է վճարումը կատարվում։ 2025 թվականի հունվարի 1-ից կսահմանվի 3,5 և 2,5 տոկոս՝ ըստ կանխիկ կամ անկանխիկ վճարման, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից կլինի 5 տոկոս և 4 տոկոս։ Այս փոփոխությունները վերաբերում են նաև անհատ վարորդներին, որոնք առանց օն-լայն(առցանց) հարթակի հնարավորություններից օգտվում են, առանձին առևտրային ուղևորափոխադրում են իրականացնում։ Անկանխիկ եղանակով վճարումների համար կառավարությունը նախատեսում է ծրագրային համապատասխան ապահովում։

Որքանո՞վ այս փոփոխությունները կբերեն թանկացումների։ Նախարարության ներկայացուցչի կարծիքով, թանկացում կլինի, սակայն աննշան։ Արմեն Սիմոնյանի խոսքով՝ այս փոփոխությունները հնարավորություն կտան կանոնակարգել ոլորտը, կլինեն հստակ վիճակագրական տվյալներ ոլորտում ներգրավված շարժակազմի, անձանց վերաբերյալ։ Դա էլ հնարավորություն կտա վերլուծություններ կատարել ավտոպարկերի վերաբերյալ և չի բացառվում նոր փոփոխությունների իրականացում՝ կապված ավտոմեքենաների տարեթվերի հետ։

Տարբեր գնահատականներով տաքսի ծառայության առցանց հարթակներում ուղևորափոխադրում իրականացնելու համար գրանցված է մոտ 80 հազար քաղաքացի, ակտիվ փոխադրումներով զբաղվում է 25-30 հազարը։

Փոփոխությունների նախագիծը կառավարության կողմից հավանության է արժանացել։ Հաջորդիվ այն կքննարկվի ԱԺ-ում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս