Բաժիններ՝

«Վագներ» ՄՌԸ-ն ծանր ռազմական տեխնիկան կհանձնի ՌԴ ՊՆ-ին

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը ծանր ռազմական տեխնիկան կհանձնի ՌԴ պաշտպանության նախարարությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հակիրճ հայտարարություն է տարածել ՌԴ ռազմական գերատեսչությունը:

«Նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում Վագներ» ՄՌԸ-ի կողմից ծանր ռազմական տեխնիկան Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գործող ստորաբաժանումներին փոխանցելու համար», – գրված է հայտարարությունում:

Հունիսի 26-ի տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վագներ» ՄՌԸ-ի զինվորներին ընտրության առաջ էր կանգնեցրել՝ շարունակել ծառայել Ռուսաստանին՝ պայմանագիր կնքելով Պաշտպանության նախարարության կամ այլ ուժային մարմինների հետ, վերադառնալ իրենց հարազատների մոտ կամ մեկնել Բելառուս:

Վլադիմիր Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման գործում իր ներդրման համար:

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ խռովության մասնակիցները հետապնդման չեն ենթարկվի, քրեական գործը կարճվել է:

Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը մեղադրել էր ռուս զինվորականներին «Վագներ»-ի դիրքերը գնդակոծելու մեջ և «արդարության երթ» հայտարարել Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության դեմ՝ մտնելով Դոնի Ռոստով, այնուհետև շարժվելով դեպի Մոսկվա։ Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ Պրիգոժինը դադարեցրել էր առաջխաղացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս