Բաժիններ՝

Ըմբիշ Վահե Գրիգորյանը չի մասնակցի ԵԱ-ին՝ Ռուսաստանում Իսպանիայի դեսպանատան աշխատելաոճի հետևանքով. Ֆեդերացիան բարձրաձայնում է խնդրի մասին

Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ 82 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Վահե Գրիգորյանը բաց է թողնում Եվրոպայի առաջնությունը՝ Ռուսաստանում Իսպանիայի դեսպանատան աշխատելաոճի հետևանքով: Այս մասին նշված է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:

«Հայաստանի հավաքականները վիզաների դիմում են ներկայացրել Հայաստանում գործող Իսպանիայի վիզաների կենտրոն՝ (BLS) մայիսի 18-ին, հավաքականների բոլոր մարզիկների և մարզիչների անձնագրերը ժամանակին հասել են Երևան` բացառությամբ Վահե Գրիգորյանի անձնագրի:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հնարավոր ամեն ինչ արել է` կապ հաստատելու Ռուսաստանում Իսպանիայի դեսպանատուն` ներկայացնելով մրցման կարևորությունը, սակայն, ապարդյուն: Գրիգորյանի անձնագիրը մինչև օրս դեռ Հայաստանում չէ:

Եվ սա առաջին դեպքը չէ. 2022 թվականին նույն իրավիճակում էր հունահռոմեական ոճի ըմբիշ Գագիկ Հակոբյանը: Ֆիլմի սցենար հիշեցնող իրադարձություններով՝ Հակոբյանը վերջին վայրկյաններին հենց օդանավակայանում ստացավ անձնագիրը և մեկնեց, սակայն թիմից առանձին: Նույնը եղավ այս տարի, դիմել էինք նույն դեսպանատուն և կից նամակ գրել, որ մարզիկները պատրաստվում են մեկնել այլ երկիր՝ հավաքների և անձնագրերը մեզ անհրաժեշտ են հնարավորինս սեղմ ժամկետներում, սակայն ապարդյուն` արդյունքում մեծ տուգանքներ ենք վճարել, տոմսեր փոխել և այլն:

Ֆինանսական մեծ կորուստներից զատ, ավելի կարևոր է մեր մարզիկի բարոյահոգեբանական վիճակը: Նրանից սպասելիքներն ավելի քան մեդալային էին: Մարզիկը միշտ չէ, որ կարող է հնարավորություն ունենալ մասնակցելու նման կարևոր առաջնության»,- մանրամասն նշված է հաղորդագրության մեջ:

ՀԸՖ-ն դիմել է նաև ՀՀ-ում եղած բոլոր պատկան կառույցներին, սակայն այն փաստի պատճառով, որ դեսպանատունը ՌԴ-ում է, ոչ թե՝ ՀՀ-ում, օգնել ոչնչով չեն կարողացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս