ՌԴ փոխարտգործնախարարը ՀՀ դեսպանի հետ քննարկել է իրավիճակը ԼՂ–ի շուրջ. ՌԴ ԱԳՆ

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է Լաչինի միջանցքում և ընդհանուր առմամբ ԼՂ–ի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հունիսի 26-ին ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ընդունել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին։ Կողմերը հայտնել են միմյանց դիրքորոշումները երկկողմ օրակարգի արդիական հարցերի, Լաչինի միջանցքի և ընդհանուր առմամբ ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ», – ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020-2022 թվականներին ձեռք բերած բոլոր պայմանավորվածությունները պետք է պարտադիր կատարվեն։

Հիշեցնենք` հունիսի 15-ի առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։

Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից:

Լաչինի միջանցքով տեղաշարժը խաթարված է 2022–ի դեկտեմբերի 12–ից։

Տեսանյութեր

Լրահոս