Պուտինը և Ռայիսին քննարկել են Անդրկովկասում կայունության ապահովումը և ՌԴ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին լիակատար աջակցություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը հունիսի 24-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Անդրադարձ է կատարվել նաև միջազգային օրակարգի որոշ հարցերի, այդ թվում՝ Անդրկովկասում կայունության ապահովմանը և սիրիական կարգավորմանը», – նշված է հաղորդագրությունում։
Կողմերը քննարկել են նաև փոխշահավետ երկկողմ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները՝ շեշտը դնելով առևտրի, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում առկա համաձայնագրերի գործնական իրականացման վրա։
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իրանի ղեկավարությանը և ժողովրդին գալիք Կուրբան-բայրամի կապակցությամբ։
Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը մեղադրեց ռուս զինվորականներին «Վագներ»-ի դիրքերը գնդակոծելու մեջ և «արդարության երթ» հայտարարեց Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության դեմ՝ մտնելով Դոնի Ռոստով, այնուհետև շարժվելով դեպի Մոսկվա։ Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ Պրիգոժինը դադարեցրեց առաջխաղացումը և զորքերը վերադարձրեց տեղակայման վայրեր։