ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է Մատենադարանի տնօրենի ընտրության բաց մրցույթ
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է Մատենադարանի տնօրենի ընտրության բաց մրցույթ։
Ինչպես տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, Մատենադարանի տնօրենի թեկնածու կարող է առաջադրվել ՀՀ այն քաղաքացին, ով ունի պատմական, փիլիսոփայական կամ բանասիրական գիտությունների կամ արվեստագիտության գիտական աստիճան և կրթության, գիտության կամ մշակույթի ոլորտում առնվազն 3 տարվա կառավարման աշխատանքային փորձառություն:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը․
ա) դիմում հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով,
բ) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (լուսանկարի, գրանցման վայրի նշագրումով էջերի),
գ) գունավոր լուսանկար 35×45 մմ չափի,
դ) թեկնածուի համառոտ ինքնակենսագրականը,
ե) զինվորական գրքույկի (կամ զինապարտության մասին փաստաթղթի) պատճենը, եթե թեկնածուն զինապարտ է,
զ) պատմական կամ փիլիսոփայական կամ բանասիրական գիտությունների կամ արվեստագիտության գիտական աստիճանի վկայականի պատճենը,
է) կրթության կամ գիտության կամ մշակույթի ոլորտում առնվազն 3 տարվա կառավարման փորձառությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր),
ը) Մատենադարանի զարգացման 5-ամյա ծրագիր՝ փակ և ստորագրված ծրարով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո:
Տնօրենի ընտրությունը տեղի կունենա 2023 թ․ հուլիսի 17-ին ժամը 13։00-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են մինչև 2023 թ․ հուլիսի 7-ը ժամը 18։00-ն ներառյալ։ Փաստաթղթերը՝ մեկ փաթեթով, պետք է առձեռն ներկայացնել հոգաբարձուների խորհրդի քարտուղար Վահե Թորոսյանին (Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ք․ Երևան, Մաշտոցի պողոտա 53, 3-րդ հարկ, 307 սենյակ, հեռ․ 010 513012, 099 46 37 86)։