Լը Բուրժեի ավիասալոնում ստորագրել են 150 միլիարդ դոլար ընդհանուր գումարի պայմանագրեր
Աշխարհի խոշորագույն ավիացուցադրություններից մեկում՝ Լը Բուրժեի 54-րդ միջազգային օդատիեզերական սալոնում ստորագրված պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 150 միլիարդ դոլար: Սա 10 միլիարդ դոլարով ավելի է, քան 2019 թվականին։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ավիացիոն և տիեզերական արդյունաբերության խումբը, որը հանդես է գալիս որպես միջոցառման կազմակերպիչ։
Հունիսի 25-ին ավարտված ավիասալոնի խոշորագույն գործարքն է դարձել 500 Airbus A320neo ինքնաթիռների վաճառքն IndiGo ընկերությանը։ Գործարքի արժեքը պաշտոնապես չի հաղորդվել, սակայն ըստ Le Figaro թերթի տվյալների՝ այն կարող է կազմել մոտ 55 միլիարդ եվրո: Բացի պատվերների մեծ պորտֆելից, եվրոպական ավիաարտադրողը հայտարարել է նաև առաջադեմ մշակման մասին՝ ուղևորատար ինքնաթիռների համար օժանդակ ուժային կայանք, որը կաշխատի ջրածնով։
Արտանետումների նվազեցման թեման դարձել է ավիասալոնի գերակշռող թեմաներից մեկը։ Լը Բուրժե օդանավակայանի թռիչքային դաշտում, ինչպես նաև ցուցահանդեսային տաղավարներում ներկայացվել են հեռանկարային թռչող սարքերի և ավիացիոն շարժիչների տասնյակ նմուշներ, որոնք աշխատում են էլեկտրական քարշուժով։ Բացի դրանից, ակտիվորեն քննարկվել է, այսպես կոչված, կայուն ավիացիոն վառելիքի ներդրման հարցը, որը կնվազեցնի ջերմոցային գազերի արտանետումները։
Ռեկորդային է դարձել միջոցառման հաճախելիությունը. հունիսի 19-ից 25-ը գրանցվել է 400 հազար այցելություն՝ 130 հազար պրոֆեսիոնալ այցելու և 170 հազար սովորական հյուր։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2017 թվականին, երբ այցելուների թիվը հասել էր 375 հազարի։
Ավիասալոնում կազմակերպիչները գրանցել են 2500 ցուցանմուշ 46 երկրներից։
Այս ավիասալոնն ավանդաբար անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Լը Բուրժե օդանավակայանի թռիչքային դաշտը հաջորդ անգամ 55-րդ միջազգային օդատիեզերական սալոնում հյուրեր կընդունի 2025 թվականի հունիսի 16-ից 22-ը: