
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վիրուսային էնցեֆալիտ հեմոռագիկ կոմպոնենտով ախտորոշմամբ մեկ տարեկան երեխան (Մոնթե Գ.), ով երկու օր ծայրահեղ ծանր վիճակում գտնվում էր ԱՀ Առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորման նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, այսօր ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն՝ համապատասխան բժշկական օգնություն ստանալու համար։
Ռուս խաղաղապահներն ուղղաթիռով Հայաստանի Հանրապետությունից նաև հրատապ անհրաժեշտության դեղորայք են բերել Արցախ՝ և՛ Արցախի բնակչության, և՛ իրենց կարիքների համար:
Հունիսի 15-ից արդեն 10-րդ օրն է, ինչ Ադրբեջանի կողմից ամբողջապես արգելափակված է Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և խաղաղապահների կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը, ինչպես նաև դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարումը Արցախ։
Այս պահի դրությամբ ԱՀ ԱՆ «Արևիկ» բուժմիավորումում 6 երեխա գտնվում է վերակենդանացման և նորածնային բաժանմունքում։
ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 7 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։