«Հայաստան» հիմնադրամի համահայկական ընդգրկումն ինքնին հակոտնյա է ցանկացած քաղաքական ազդեցության․ Վահագն Խաչատուրյան
«Հայաստան» համահայկական հիմնադրամի համահայկական ընդգրկումն ինքնին հակոտնյա է ցանկացած քաղաքական ազդեցության, նախընտրության կամ միտումի, ջանք ու եռանդ պետք է չխնայել հիմնադրամի գործունեությունը որևէ քաղաքական շահարկումից կամ կասկածից զերծ պահելու համար։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 32-րդ նիստի ընթացքում այս մասին ընդգծեց ՀՀ նախագահ, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը:
«Մեր նախորդ հանդիպումից հետո այս մեկ տարվա ընթացքում հիմնադրամի կողմից իրականացվել են բազմաթիվ լայնածավալ ծրագրեր, որոնց մի մասը իր ավարտին կհասնի ընթացիկ տարվա ավարտին։ Ինչպես և 2022 թվականին, հիմնադրամի առջև դրված առաջնահերթություններն ու օրակարգային հարցերը գտնվում են 2020 թվականին պատերազմին հաջորդած իրողությունների տրամաբանության մեջ և միտված են առկա իրողությունների պայմաններում մեր հայրենակիցների խնդիրներն ուշադրության տակ առնելուն և ճգնաժամային իրավիճակներում լուծումներ գտնելուն։
Հիմնադրամի գործունեությունը համահունչ է համահայկական առաքելությանը և նպատակ ունի նպաստել մեր պետության առաջ ծառացած մարտահրավերների դիմագրավմանը և մեր հայրենակիցների համար ապրելու ու արարարելու բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը։ Այս գերակա նպատակների հաղթահարման համար համահայկական հիմնադրամի յուրահատուկ կազմակերպական ձևն ու ցանցային կառուցվածքը մեզ հնարավորություն են տալիս գտնել առավել արդյունավետ և ճկուն լուծումներ»,- ասաց նախագահը։
Վահագն Խաչատուրյանի խոսքով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավատարիմ է թափանցիկ և հաշվետվողական գործունեության սկզբունքներին, ինչը կարևոր նախապայմանն է փոխվստահության մթնոլորտի և կառուցողական աշխատանքների իրականացման համար։
«Այս տեսանկյունից հարկ եմ համարում նաև ընդգծել, որ հիմնադրամի համահայկական ընդգրկումն ինքնին հակոտնյա է ցանկացած քաղաքական ազդեցության, նախընտրության կամ միտումի, ուստի ներկաներս ջանք ու եռանդ պետք է չխնայենք հիմնադրամի գործունեությունը որևէ քաղաքական շահարկումից կամ կասկածից զերծ պահելու համար»,- նշեց Խաչատուրյանը։
Վերջում նախագահը շնորհակալություն հայտնեց նվիրատուներին, հիմնադրամի ցանցին ու աշխատակազմին անձնվեր ու անխոնջ աշխատանքի համար։