Պրիգոժինը հայտարարել է, որ վերահսկում է Ռոստովի ռազմական օբյեկտները. մարդկանց կոչ է արվել դուրս չգալ տներից
Մենք գտնվում ենք շտաբում, մեր վերահսկողության տակ են Ռոստովի ռազմական օբյեկտները, այդ թվում օդանավակայանը։ Այս մասին ասել է «Վագներ» ՄՌԿ հիմնադիր Եվգենի Պրիգոժինը։
«Մենք վեարհսկողության տակ ենք վերցրել, որպեսզի գրոհային ավիացիան մեզ չհարվածի, այլ հարվածի ուկրաինացիներին։ Ոչ մի խնդիր չկա, ոչ մի սպա գործից չի կտրվել։ Ուստի, երբ ձեզ ասեն, որ «Վագներ» ՄՌԿ-ն խանգարել է աշխատանքին եւ դրա համար ճակատում ինչ-որ բան փլուզվել է, ճակատում փլուզվել է ոչ այդ պատճառով»,- նշել է Պրիգոժինը։
«Разгрузка Вагнера» Թելեգրամ-ալիքը տեղեկացրել է, որ Եվգենի Պրիգոժինը Դոնի Ռոստովում հանդիպել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Յունուս-Բեկ Եվկուրովի եւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Վլադիմիր Ալեքսեեւի հետ եւ հայտարարել է, որ քանի դեռ «Վագներ» ՄՌԿ-ն «չի հանդիպել» Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի եւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, վարձկանները «կշրջափակեն Ռոստով քաղաքը» եւ «կգնան Մոսկվա»։
Նահանգապետ Վասիլի Գոլուբեւը Թելեգրամ-ալիքի իր էջում տեղեկացրել է, որ Դոնի Ռոստովում չեղարկվել են զանգվածային միջոցառումները։
Գոլուբեւը քաղաքի բնակիչներին կոչ է արել չգնալ քաղաքի կենտրոն եւ տնից դուրս չգալ։
«Ստեղծված իրավիճակը պահանջում է բոլոր ուժերի առավելագույն համախմբում կարգի պահպանման համար։ Իրավապահ մարմինները ձեռնարկում են անհրաժեշտ ամեն բան, որպեսզի ապահովեն մարզի բնակիչների անվտանգությունը։ Բոլորին խնդրում եմ պահպանել հանգստություն եւ առանց անհրաժեշտության դուրս չգալ տներից»,- ասել է նա։
ՏԱՍՍ-ը տեղեկացրել է, որ Տագանրոգ տանող ճանապարհը ժամանակավոր փակ է Դոնի Ռոստովից ելքի եւ քաղաք մուտքի համար։
Ավելի ուշ Գոլուբեւը հավաստիացրել էր, որ անհրաժեշտ հանձնարարականներ է տվել Ռոստովի քաղաքային վարչությանը եւ կենսապահովման ծառայություններին, որպեսզի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկվեն քաղաքի բոլոր համակարգերի նորմալ գործունեության համար։
Դոնի Ռոստովի քաղաքային վարչության ղեկավար Ալեքսեյ Լոգվինենկոն, իր հերթին, տեղեկացրել է, որ կմտցվեն փոփոխություններ քաղաքային տրանսպորտի երթեւեկությունում։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին «Վագներ» ՄՌԿ Թելեգրամ-ալիքում հայտարարություն էր հայտնվել այն մասին, որ ՄՌԿ-ի դեմ օդային գրոհ է իրականացվել։ Մեղքը դրվել էր Ռուսաստանի զինվորական ղեկավարության վրա։ «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինը խոստացել է «վերականգնել արդարությունը»։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է հարձակման մեղադրանքները, իսկ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ զինված խռովության կոչելու մեղադրանքով։