Բաժիններ՝

Ռուսաստանը Ղրիմում վարժեցնում է մարտական դելֆինների. Բրիտանիայի ՊՆ հետախուզություն

Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների վերաբերյալ իր այսօրվա տեղեկագրում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզությունը հայտնել է, որ անցյալ տարվա ամռանից ի վեր ռուսական ռազմածովային ուժերը մեծապես ընդլայնել են Սևաստոպոլում գտնվող Սևծովյան նավատորմի գլխավոր բազայի անվտանգությունը: Այս մասին հաղորդում է բրիտանական պաշտպանական գերատեսչության տեղեկագիրը:

«Սա ներառում է նավահանգստի մուտքի երկայնքով ցանցերի և շղթաների առնվազն չորս շերտ: Վերջին շաբաթների ընթացքում այդ պաշտպանությունն, ամենայն հավանականությամբ, մեծացել է նաև վարժեցված ծովային կաթնասունների քանակի ավելացմամբ», – հավելել են գերատեսչությունում:

Ըստ Բրիտանիայի հետախուզական տվյալների՝ պատկերները ցույց են տալիս, որ նավահանգստում ծովային կաթնասունների պահման վայրերի թիվը գրեթե կրկնապատկվել է, և այնտեղ, ամենայն հավանականությամբ, կան նաև դելֆին աֆալինաներ:

«Արկտիկայի ջրերում Ռուսաստանի ռազմածովային ուժերը նաև օգտագործում են բելուգա կետեր և փոկեր: Ռուսաստանը կենդանիներին վարժեցրել է մի շարք առաքելությունների համար, բայց Սևաստոպոլի նավահանգստում գտնվող կենդանիներն, ամենայն հավանականությամբ, նախատեսված են հակառակորդի սուզորդներին դիմակայելու համար», – նշված է տեղեկագրում:

Ռուսաստանն առայժմ այս թեմայով որևէ պաշտոնական մեկնաբանություն չի տվել:

Ե՛վ Խորհրդային Միությունը, և՛ Միացյալ Նահանգները սառը պատերազմի ժամանակ օգտագործել են դելֆիններ՝ սովորեցնելով նրանց հայտնաբերել սուզանավեր, ականներ, ինչպես նա նավահանգիստների և նավերի մոտ կասկածելի առարկաներ կամ անձանց:

Ըստ France 24-ի հրապարակման՝ խորհրդային մի պաշտոնաթող գնդապետ ժամանակ AFP-ին հարցազրույցում հայտնել էր, թե Մոսկվան նույնիսկ դելֆիններին վարժեցնում էր թշնամու նավերի վրա պայթուցիկ սարքեր տեղադրելու համար:

ԱՄՆ ռազմածովային ուժերն օգտագործել են ծովառյուծներ, որոնք տեղակայվել են Բահրեյնում 2003 թվականին՝ աջակցելու «Անկոտրում ազատություն» գործողությանը Նյու Յորքում և Վաշինգտոնում 2001 թ. սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս