ԱՀԿ-ն հաղորդել է աշխարհում չորս շաբաթվա ընթացքում COVID-19-ից մահացության 58%-ով նվազման մասին
Մայիսի 22-ից մինչև հունիսի 18-ն ընկած ժամանակաշրջանում աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1,2 մլն մարդ, մահացել` 7100-ից ավելին։ Մահվան դեպքերի թիվը նախորդ 28 օրվա համեմատությամբ նվազել է 58%-ով, վարակման դեպքերի թիվը՝ 48%-ով: Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այս մասին հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
ԱՀԿ-ի տեղեկագրի համաձայն՝ չորս շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել է վարակման 1 մլն 210 հազար 687 դեպք, մահվան` 7 168։ Այդ ժամանակաշրջանում հիվանդության դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Կորեայի Հանրապետությունում՝ 363 382, որին հաջորդում են Ավստրալիան (135 144), Բրազիլիան (85 987), Ֆրանսիան (71 197) և Սինգապուրը (54 581): Բրազիլիայում Մայիսի 22-ից մինչև հունիսի 18-ն ամենաշատ մահերն են գրանցվել՝ 978: Դրան հաջորդում են Իսպանիան (729), Ռուսաստանը (526), Ավստրալիան (496) և Իտալիան (420):
Քովիդի հետ կապված արտակարգ դրությունը համաշխարհային առողջապահությունում գործել է 2020 թ. հունվարի վերջից մինչև 2023 թ. մայիսի 5-ը։ 2020 թ. մարտի 11-ին ԱՀԿ-ն COVID-19-ի բռնկումը բնութագրել է որպես համավարակ։ Կազմակերպության՝ հունիսի 21-ի տեղեկատվության համաձայն՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 768 մլն 187 հազար 96 դեպք, մահացել է 6 մլն 945 հազար 714 մարդ։ ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը մայիսի 5-ին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ մահացածների իրական թիվը կազմում է առնվազն 20 միլիոն: