Բաժիններ՝

Ռյաբկովը չի բացառել, որ ԱՄՆ-ն գաղտնի բանակցություններ է վարում Իրանի հետ՝ ԳՀՀԾ-ի վերականգնման շուրջ

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը չի բացառել, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև գաղտնի բանակցությունների արդյունքում կարող է ձեռք բերվել ինչ-որ համաձայնություն իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման վերաբերյալ։ Այս տեսակետն այսօր նա հայտնել է լրագրողներին՝ պատասխանելով ТАСС-ի հարցին։

«Ամեն գաղտնի բան մի օր հայտնի է դառնում: Դա ակնհայտ է: Նախկինում մենք տեսել ենք իրավիճակներ, երբ ԱՄՆ-ն ու Իրանն ունեցել են փակ ռեժիմով միջնորդավորած շփումներ: Չի կարելի բացառել, որ նման շփումներ են տեղի ունենում նաև այժմ», – նշել է Ռուսաստանի դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարի տեղակալը:

«Մեզ համար գլխավորն այն է, որ Միացյալ Նահանգները վերադառնա 2231-րդ բանաձևի լիարժեք կատարմանը… Եթե այժմ ինչ-որ համաձայնություն ձեռք բերվի, բայց միևնույն ժամանակ ԳՀՀԾ-ի վերականգնումը չլինի այն տեսքով, ինչպես այն կնքվել է 2015 թվականին և հաստատվել 2231-րդ բանաձևով, ապա դա կնշանակի, որ Վաշինգտոնի կողմից այս բանաձևի կոպիտ խախտումը կշարունակվի, և մենք նաև համապատասխան եզրակացություններ կանենք», – նշել է Ռյաբկովը։

2015 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների «հնգյակը» և Գերմանիան Իրանի հետ ստորագրեցին ԳՀՀԾ-ն՝ ուղղված Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարմանը: Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշեց դուրս գալ այս համաձայնագրից։ ԱՄՆ-ի վարչակազմի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը բազմիցս հայտնել է Վաշինգտոնին միջուկային գործարքին վերադարձնելու իր պատրաստակամությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս