Թուրքիայի խորհրդարանի նախագահը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը TRT Haber-ի ուղիղ եթերում անդրադարձել է Սիրիայի, Եգիպտոսյի Հայաստանի հետ խորհրդարանում բարեկամական խմբերի ձևավորման հավանականությանը, այն դեպքում երբ պաշտոնական Անկարան ներկայումս այդ երկրների հետ գտնվում է կարգավորման գործընթացի մեջ:
«Մեր նախագահի պաշտոնի ստանձման արարողությանը Հայաստանի վարչապետն այստեղ էր, նշանակում է ինչ-որ փնտրտուք կա, այստեղ էր Եգիպտոսի ներկայացուցիչը, Ծոցի երկրների․․․ Սկզբունքային առումով ձեր թվարկած, գուցե նաև չթվարկած երկրների (որոնց հետ քաղաքական խնդիր ունենք) ժողովուրդների հետ որևէ խնդիր չունենք»,- ասել է նա։
Քուրթուլմուշը, պնդելով, թե իբր իրենք թշնամանք չեն տածում վերոնշյալ երկրների ժողովուրդների նկատմամբ, նշել է.
«Մեզնից չբխող պատճառներով լարվածություններ են եղել, եղել են կետեր, երբ հարաբերությունները խզվել են, եղել են ժամանակներ, երբ երկխոսություն չի եղել, սակայն ի վերջո, ձեր թվարկած երկրների և մյուս բոլոր երկրների ժողովուրդները մեր բարեկամներն են, մի մասը մեր հարևան, մի մասը մեր եղբայր երկրներն են։ Հետևաբար Թուրքիայի ակնկալիքներից է այն, որ որպես այստեղի ժողովուրդների հետ բարեկամության բնական արդյունք առկա քաղաքական հարցերն արագորեն հարթվեն, այդ հարցերը դուրս բերվեն օրակարգից և, ի շահ երկրների ժողովուրդների, երկկողմ հարաբերություններն ամրապնդվեն»։