Չինաստանում ռեստորանի պայթյունից 31 մարդ է զոհվել. ռեստորանի սեփականատերերը և աշխատողները ձերբակալվել են
Չինաստանի հյուսիսում գտնվող Ինչուան քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է երկրի 9 քաղաքացու՝ ռեստորանի սեփականատերերին և աշխատողներին, որտեղ պայթյունի հետևանքով զոհվել է 31 մարդ, ևս 7-ը՝ վիրավորվել: Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր հայտնել է Նինսյա Հուեյի Ինքնավար Շրջանի կուսակցական կոմիտեն։
Կուսակցական կոմիտեի տվյալներով՝ ձերբակալվածների բոլոր ակտիվները սառեցված են։ Միջադեպի պատճառով Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կարգադրել է խստացնել անվտանգության հսկողությունը երկրի առանցքային օբյեկտներում։ Իշխանությունները սկսել են պատահարի հանգամանքների և պատճառների հետաքննություն։
Ինչպես տեղեկացրել է Xinhua գործակալությունը, պայթյունի պատճառ է դարձել գազի արտահոսքը։ Դա տեղի է ունեցել հունիսի 21-ին՝ Պեկինի ժամանակով 20:40-ին (Երևանի ժամանակով 16:40-ին): Բոլոր տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը չափազանց ծանր է։
Իրավապահ մարմինները շարունակում են պարզել զոհերի ինքնությունը։ Պատահարի վայրի մոտ ապրող բնակիչներին ժամանակավորապես տեղավորել են հյուրանոցներում: