
Խերսոնի մարզի և Ղրիմի վարչական սահմանի կամուրջները հրթիռակոծության են ենթարկվել

Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզի և Ղրիմի միջև վարչական սահմանի կամուրջները Չոնգարի մերձակայքում վնասվել են հրթիռակոծության հետևանքով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից, այս մասին հայտնել է Խերսոնի մարզում ՌԴ-ի կողմից նշանակված նահանգապետի պաշտոնակատար Վլադիմիր Սալդոն։
«Ըստ նախնական գնահատումների՝ կիրառվել են բրիտանական Storm Shadow հրթիռներ։ Կամուրջների վրա վնասվել է ճանապարհային պատվածքը», – գրել է նա իր Telegram ալիքում։
Միջադեպի հետևանքով զոհեր չկան:
Սալդոն վստահեցրել է, որ մեքենաների անցումը «շատ շուտով» կվերականգնվի։ Խերսոնի մարզի և Ղրիմի միջև հաղորդակցությունը ժամանակավորապես կազմակերպվել է ռեզերվային երթուղով։
Տեղեկությունը նաև հաստատել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
«Գիշերը Չոնգարի կամրջին հարված է հասցվել: Տուժածներ չկան: Ներկայում պայթուցիկների մասնագետները փորձաքննություն են անցկացնում՝ գնահատելու զինամթերքի տեսակը», – գրել է նա իր Telegram ալիքում։
Ղրիմի հյուսիսում վերջին ժամանակներս գործում է երկու անցակետ` Ջանկոյում (Խերսոնի Չոնգարի շրջանում) և Արմյանսկում։