Բաժիններ՝

Ադրբեջանում ոստիկանությունը ծեծի է ենթարկել ջրամբարի կառուցման դեմ բողոքող ակցիայի մասնակիցներին

Ադրբեջանի Գետաբեկի շրջանի Սոյդուլու գյուղի բնակիչները բողոքում են հանքարդյունաբերական ձեռնարկությունում ջրամբարի կառուցման դեմ՝ նշելով, որ դա կվնասի թե՛ մարդու առողջությանը, թե՛ շրջակա միջավայրին։

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Տեղեկությունների համաձայն՝ հունիսի 20-ին ցուցարարների և ոստիկանության միջև միջադեպ է գրանցվել, որի ժամանակ ոստիկանը ցուցարար կնոջ ուղղությամբ արցունքաբեր գազ է կիրառել:

Ադրբեջանցի օգտատերերի պնդմամբ՝ ոստիկանությունը նաև մահակների կիրառմամբ ծեծի է ենթարկել ակցիայի մասնակիցներին, որի հետևանքով գրանցվել է 10-ից ավելի տուժած:

Հունիսի 21-ին ակցիայի վայր է ժամանել Գետաբեկի շրջանի ղեկավարը, ով վստահեցրել է, որ ակցիայի մասնակից կնոջ ուղղությամբ արցունքաբեր գազի կիրառման փաստի առթիվ կատարվում է համապատասխան քննություն, և ոստիկանի գործողություններին կտրվի իրավական գնահատական։

«Այս լիճն արդեն գոյություն ունի 11 տարի։ Մինչ օրս դժգոհություն չեք հայտնել, անցած տարիներին դա ոչ մեկի համար վտանգ չի ներկայացրել։ Սպասենք այս լճի հետ կապված փորձագետների կարծիքին։ Եթե ​​ձեր մտահոգությունը կապված է առողջությանը սպառնացող վտանգի հետ, ապա մենք այս հարցը կպահենք լուրջ վերահսկողության տակ։ Միանշանակ, չի կարող լինել այնպես, որ լիճը վնասի մարդկանց առողջությանը: Ես էլ եմ լճի մոտ ապրում։ Ի՞նչ եք կարծում՝ իմանալով, որ այնտեղ վտանգ կա, ես այնտեղ կապրեի՞» – ասել է Գետաբեկի շրջանի ղեկավար Օրխան Մուրսալովը:

Նշվում է, որ ի հակադրություն շրջանի ղեկավարի պնդումներին՝ գյուղացիները նշել են, որ վերջին տարիներին գյուղում քաղցկեղով հիվանդների թվի աճ է նկատվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս