11 երկրների ղեկավարներ հանդես են եկել աղքատ երկրների համար պարտքի մարման մեխանիզմի նորացման օգտին
11 երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Գերմանիայի, ինչպես նաև Աֆրիկայի երկրների ղեկավարները հանդես են եկել ցածր և միջին եկամուտներով երկրների համար պարտքի մարման մեխանիզմի փոփոխման, ինչպես նաև բարձր մակարդակի պարտքով երկրների համար պարտքի բեռի թեթևացման օգտին։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին ասված է նրանց համատեղ հայտարարության մեջ, որն այսօր հրապարակվել է Le Monde թերթում։
«Ոչ մի երկիր չպետք է տարիներով սպասի պարտքի բեռի թեթևացմանը: Անհրաժեշտ է ամրապնդել և ակտիվացնել համագործակցությունը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների պարտքի շուրջ: Դա, ամենից առաջ, պահանջում է լուծումների արագ մշակում խոշոր պարտքով երկրների համար», – ասված է ղեկավարների ուղերձում, որը հրապարակվել է նոր գլոբալ ֆինանսական դաշնագրին նվիրված գագաթնաժողովի բացման առթիվ։
Այս առնչությամբ ուղերձի հեղինակներն ամբողջ աշխարհում զարգացման բանկերին կոչ են անում ձեռնարկել քայլեր «գոյություն ունեցող միջոցների ավելի արդյունավետ օգտագործման» և «մասնավոր կապիտալի մոբիլիզացման համար»։
Համաշխարհային նոր ֆինանսական դաշնագրի հարցին նվիրված գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 22-ից 23-ը Փարիզում: Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ դրան կմասնակցեն շուրջ 130 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ BRICS-ի երկրների ղեկավարները, բացառությամբ՝ Ռուսաստանի։ Գագաթնաժողովի կազմակերպիչները հույս ունեն, որ փաստաթուղթը, որը կարող է մշակվել բանակցությունների արդյունքում, կօգնի զարգացող երկրներին կլիմայի փոփոխության դեմ պայքարի և աղքատության հաղթահարման գործում: