Բաժիններ՝

ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան ընդգծել են Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման կարևորությունը

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան ընդգծել են Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման ակտիվ աշխատանքի շարունակման կարևորությունը։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին ասված է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի համատեղ հայտարարության մեջ, որն այսօր տարածվել է Աստանայի ձևաչափով Սիրիայի հարցով 20-րդ միջազգային հանդիպման արդյունքներով։

«Նշեցինք 2023 թվականի հունիսի 20-ին Աստանայում Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության, Սիրիայի Արաբական Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության փոխարտգործնախարարների միջև տեղի ունեցած խորհրդակցությունների կառուցողական բնույթը, որոնց ընթացքում քննարկվեց Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների վերականգնման ճանապարհային քարտեզը (չորս երկրների պաշտպանության նախարարությունների և հատուկ ծառայությունների աշխատանքի համակարգմամբ), – նշված է փաստաթղթում։ – Ընդգծեցինք այս ուղղությամբ ակտիվ ջանքերի շարունակման կարևորությունը՝ ի կատարումն այն համաձայնությունների, որոնք ձեռք են բերվել 2023 թվականի մայիսի 10-ին Մոսկվայում արտաքին գործերի նախարարների և 2023 թվականի ապրիլի 25-ին պաշտպանության նախարարների քառակողմ հանդիպումներում»:

Կողմերի համոզմամբ՝ այս գործընթացը կարևոր է ահաբեկչության դեմ պայքարի, սիրիացիների անվտանգ, կամավոր և արժանապատիվ վերադարձի համար համապատասխան պայմանների ստեղծման, քաղաքական գործընթացի ակտիվացման և ամբողջ Սիրիայում մարդասիրական օգնության անարգել հասանելիության համար։

Կողմերը քննարկել են նաև աշխարհում և տարածաշրջանում իրադրության զարգացման հարցերը, ընդգծել են Աստանայի գործընթացի առաջատար դերը սիրիական ճգնաժամի կարգավորման խթանման գործում։ Երեք երկրների ներկայացուցիչները վերահաստատել են իրենց անփոփոխ կողմնակցությունը Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս