Ադրբեջանի պարագայում Ձեզ համար ո՞րն է կարմիր գիծը. Արմեն Գևորգյանը՝ Էդգար Ռինկևիչին
ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ՀՀ ԱԺ պատվիակության հիմնական անդամ, ԵԽԽՎ տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գևորգյանի հարցը Լատվիայի ԱԳ նախարար, Նախարարների խորհրդի նախագահ Էդգար Ռինկևիչին:
Պարոն նախարար,
ԱՄՆ նախագահ Բայդենը երկու անգամ հյուրընկալել է Ժողովրդավարության գագաթնաժողովը, որտեղ որոշ անդամ երկրներ չեն հրավիրվել ժողովրդավարական սկզբունքներից նահանջելու պատճառով: Դրանցից մեկը Ադրբեջանի Հանրապետությունն է, որը ոչ միայն խարխլել է ժողովրդավարության չափորոշիչներն ու օրենքի գերակայությունը, այլև տարածաշրջանում բնիկ հայ ժողովրդի էթնիկական զտման գործունեություն է ծավալում։
Այս առումով կցանկանայի հարցնել՝ Ադրբեջանի պարագայում Ձեզ համար ո՞րն է կարմիր գիծը։ Ո՞ր սցենարի դեպքում Նախարարների կոմիտեն առավել վճռականություն կցուցաբերի՝ ստիպելով Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքի նորմերը և կկանխի նոր պատերազմական հանցագործությունները։
Շնորհակալություն։
Լատվիայի ԱԳ նախարար, Նախարարների խորհրդի նախագահ Էդգար Ռինկևիչի պատասխանն Արմեն Գևորգյանին
Ի պատասխան Հայաստանից հարգարժան անդամի հարցին՝ թույլ տվեք ասել, որ Կոմիտեի նախագահության մեր դերում ընդհանուր մի սկզբունք ունենք՝ միջազգային իրավունքի բոլոր նորմերը, նաև՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները պետք է ի կատար ածվեն։ Յուրաքանչյուր անդամ պետություն պետք է պահպանի այդ նորմերը:
Ինչպես և արդեն պատասխանեցի Հայաստանի ու Ադրբեջանի մեր հարգելի անդամների նախորդ հարցերին, մտադիր ենք խնդրել բոլոր անդամ երկրներին, որպեսզի իրականացնեն բոլոր կոնվենցիաները, նաև՝ հարգեն բոլոր այն պարտավորությունները, որ երկրները ստանձնել են այս կազմակերպությանն անդամակցելիս, և միշտ այս սկզբունքն ամեն ինչից վեր ենք դասելու:
Չեմ կարծում, թե գունավոր գծերով տարանջատումն այս մեծ կազմակերպության ոգուն համահունչ լավագույն մոտեցումն է։ Մենք լի ենք վճռականությամբ՝ ապահովելու, որպեսզի յուրաքանչյուր անդամ-պետություն հավատարիմ մնա միջազգային իրավունքի հիմնական կանոնադրություններին և կոնվենցիաներին, ինչպես նաև՝ Եվրոպական կոնվենցիաներին։
Շնորհակալություն։