Բաժիններ՝

«Արագած Պեռլիտ» ընկերության տնօրենի կողմից կաշառք տալու դեպքի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

Թալինի համայնքապետարանի աշխատակցի հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ «Ա.Պեռլիտ» ՍՊԸ տնօրենը իր օգտին ապօրինի գործողություն կատարելու համար պաշտոնատար անձին տվել է խոշոր չափերով՝ 1.900.000 ՀՀ դրամ կաշառք:

Այս մասին տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից, որի մեջ նշվում է, որ «Ա.Պեռլիտ» ընկերության տնօրեն Է. Ա.-ն դիմել է Թալինի համայնքապետարան՝ Մաստարայի պեռլիտի հանքավայրի շահագործման համար նոր հողատարածք վարձակալելու նպատակով: Համայնքապետարանը, սակայն, հաշվի առնելով, որ ընկերության կողմից արդյունահանվելիք հանքանյութը վերամշակվելու է համայնքի հանդեպ ստանձնած ֆինանսական պարտավորությունները ժամանակին և ոչ բարեխիղճ կատարող, առանց հողի նպատակային նշանակության փոփոխության հանքարդյունաբերությամբ զբաղվող «Արագած Պեռլիտ» ՍՊ ընկերությանը պատկանող հանքանյութի վերամշակման գործարանում, որի աշխատանքի արդյունքում առաջացող փոշին վնասում է հարակից տարածքում գտնվող բերքը և բնակիչների մեծամասնության դժգոհության պատճառ հանդիսանում, դեմ է արտահայտվել հողատարածքը «Ա.Պեռլիտ» ՍՊ ընկերությանը վարձակալությամբ տրամադրելուն, ինչի հիման վրա նշված ՍՊԸ-ի լիցենզավորումը մերժվել է:

Այնուհետև «Ա.Պեռլիտ» ՍՊԸ տնօրեն Է. Ա.-ն դիմել է Թալինի համայնքապետարանի աշխատակից Ս. Թ.-ին և վերջինիս խնդրել միջնորդել Թալին համայնքի ղեկավար Տ. Ս.-ին՝ կաշառքի դիմաց պեռլիտի հանքի շահագործման համար նոր լիցենզիա ստանալու հարցում, մասնավորապես՝ արդյունահանման աշխատանքներ կատարելու նպատակով Տ. Ս.-ի միջամտությամբ հանրային կրկնակի լսումներ կազմակերպել ու Թալինի համայնքապետարանի դիրքորոշման մասին նոր՝ դրական եզրակացություն ուղարկել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձարկման կենտրոն» ՊՈԱԿ:

Դրանից հետո Ս. Թ.-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ «Ա.Պեռլիտ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից կաշառք տալու վերաբերյալ, որի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով իրականացվել են գաղտնի քննչական գործողություններ, այդ թվում՝ Կաշառք ստանալու նմանակում, որի շրջանակում Է. Ա.-ն Ս. Թ.-ի միջոցով 2023 թվականի ապրիլի 27-ին Տ. Ս.-ին տվել է խոշոր չափերով՝ 1.900.000 ՀՀ դրամ կաշառք:

Կաշառք տալուց անմիջապես հետո Է. Ա.-ն ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների կողմից:

Է. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել ներկայացված մեղադրանքում և տվել խոստովանական ցուցմունքներ:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս