«Տիտանիկը» տեսնելու մեկնած սուզանավի որոնումների ընթացքում ձայներ են լսվել
«Տիտանիկի» խորտակման վայրի մոտակայքում անհետ կորած սուզանավի որոնումների ժամանակ հիդրոլոկատորով հագեցած կանադական ինքնաթիռը ձայներ է որսացել: Որոնողական խմբերը փորձում են գտնել այդ ձայների աղբյուրը: Այս մասին Twitter-ում հայտնել է ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությունը:
Նշվում է, որ առայժմ հեռակառավարվող ստորջրյա ապարատները դրական արդյունքներ չեն գրանցել, որոնումները շարունակվում են:
Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, Նյու Յորքի ժամանակով կեսգիշերի (Երևանի ժամանակով առավոտյան ժամը 8:00-ի) դրությամբ՝ «Տիտան» սուզանավում գտնվող 5 մարդկանց մնացել էր 30 ժամից պակաս շնչելու օդ:
Սուզանավն ուղեկցող նավի հետ կապը կորցրել է հունիսի 18-ին՝ սուզվելուց 1 ժամ 45 րոպե անց: Որոնումներում ներգրավված են ԱՄՆ-ի և Կանադայի խմբերը: Ֆրանսիան ևս ուղարկել է մի նավ՝ սարքավորված ստորջրյա ռոբոտով:
Սուզանավում գտնվող անձանց թվում են բրիտանացի գործարար և հետազոտող Հեմիշ Հարդինգը, Պակիստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Շահզադա Դավուդը և նրա որդի Սուլեյմանը, սուզանավը գործարկող OpenGate ընկերության տնօրեն Ստոքթոն Ռաշը և ֆրանսիացի ծովային փորձագետ Փոլ-Անրի Նարժոլեն, որը 35 անգամ սուզվել է դեպի «Տիտանիկի» խորտակման վայրը և RMS Titanic, Inc. ընկերության տնօրենն է: