ՊԵԿ-ը բացահայտել է առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների վաճառքի դեպքեր
«Ատ. Լանդ» ՍՊԸ ընկերության կողմից 2020-2023 թթ-ի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված 850 տոննա շաքարավազը և 61 տոննա հնդկաձավարը վաճառվել է տարբեր տնտեսվարող սուբյեկտների, սակայն վերջիններիս անվամբ դուրս չեն գրվել հաշվարկային փաստաթղթեր։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, շաքարավազի և հնդկաձավարի իրական գնորդներին թաքցնելու և հանցավոր արարքը քողարկելու ուղղակի դիտավորությամբ տվյալ ընկերության տնօրենի կողմից կազմվել են ակնհայտ կեղծ հաշվապահական փաստաթղթեր, իբրև թե նշված ապրանքների մի մասի գնորդ է հանդիսանում հենց ինքը՝ ընկերության տնօրենը` որպես ֆիզիկական անձ: Ապրանքների մնացած մասն էլ՝ ըստ այդ փաստաթղթերի՝ իբրև թե 97 տոկոս զեղչով, իրացվել են ՀԴՄ կտրոնների միջոցով։
Ըստ հաղորդագրության՝ ուշագրավ է, որ ՍՊԸ-ի տնօրենը հայտնել է, թե իբր 320 տոննա շաքարավազով կերակրել է իր մեղուներին և պահեստային տարածքներն ախտաhանելու նպատակով սպիրտ է թորել։
Առանձնապես խոշոր չափերի` շուրջ 78 միլիոն դրամ հարկեր չվճարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կատարված հանցագործության ամբողջական պատկերի բացահայտման նպատակով՝ քրեական վարույթի նախաքննության շրջանակում, Քննչական կոմիտեի ու ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները համատեղ մշակել ու ձեռնարկել են ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական ու վարութային գործողություններ: «Ատ. Լանդ» ՍՊԸ-ի կողմից, հերթական ներմուծման ժամանակ, բեռնատարները՝ ՊԵԿ աշխատակիցների օպերատիվ հսկողության ներքո, մուտք են գործել Բագրատաշենի սահմանային անցակետ: Այնուհետև, մաքսային ձևակերպումներից հետո, բեռնատարները վերցվել են օպերատիվ հսկողության: Նույն օրը հասնելով Երևան քաղաք` անմիջապես բեռնատարներից՝ առանց հաշվարկային փաստաթղթերի, տնտեսավարող սուբյեկտներին վաճառվել է մեծաքանակ շաքարավազ: Վաճառքները կատարելուց հետո՝ գնորդ տնտեսավարող սուբյեկտների մոտ կատարված օպերատիվ-հետախուզական և վարութային գործողությունների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ «Ատ. Լանդ» ընկերությունը, նախկինում ևս առանց հաշվարկային փաստաթղթերի, վաճառել է մեծաքանակ շաքարավազ:
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ ընկերության տնօրենի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է: Միաժամանակ, որոշում է կայացվել «Ատ. Լանդ» ՍՊԸ-ի կողմից ներմուծված շուրջ 20 տոննա շաքարավազն առգրավելու վերաբերյալ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։