Բաժիններ՝

«Եթե մեկը դիմի դատարան, սնանկ կճանաչվենք». «Մեղրաձոր գոլդը» 457 մլն դրամ պարտք է կուտակել

«Մեղրաձոր գոլդ» ընկերությունը, որը Կոտայքի մարզում ոսկու հանքավայր է շահագործում, սնանկ կճանաչվի, եթե մատակարարներից մեկը ընկերության պարտքի համար դիմի դատարան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Մեղրաձոր գոլդի» տնօրեն Վարդան Մարգարյանը։

Ընկերությունում ֆինանսական խնդիրները ծագել են դոլար–դրամ փոխարժեքային տատանումների արդյունքում։ «Մեղրաձոր Գոլդ» ընկերությունը մոտ 457 մլն դրամի պարտք է կուտակել։

Նույնիսկ մեկ կրակոցը թանկացնում է ներդրումների գինը Հայաստանում. Արմեն Քթոյան

«Ոսկու գինը 2020–ին բարձրացավ, սակայն զուգահեռ բարձրացան նաև մնացած մյուս նյութածախսերը։ Մենք հիմնականում փայտ ենք ներմուծում, որն օգտագործում ենք ամրակապերի համար։ Մնացած ամեն ինչը տեղում ենք գնում, այն էլ` դրամով»,– ընդգծեց ընկերության տնօրենը։

Մարգարյանի խոսքով` իրենց աշխատավարձի ֆոնդն ինչպես եղել է 65 մլն դրամ, այդպես էլ մնացել է, չի փոփոխվել։ Երբ 2022 թ. դոլարի փոխարժեքը 480 դրամ էր, աշխատավարձային ֆոնդն ապահովելու համար ընկերությանն անհրաժեշտ էր 134 հազար դոլար, այժմ, երբ դոլարի փոխարժեքը 385 դրամ է, անհրաժեշտ է 180 հազար դոլար։

«Մենք ունենք և՛ բանկերի, և՛ մատակարարների հետ կապված պարտավորություններ։ Շահագործումը շարունակում ենք, քանի որ ձեռնարկությունում աշխատում է 200 մարդ, որոնց երկու ամիս է` չենք կարողանում աշխատավարձ տալ, սակայն նրանք համբերատար շարունակում են աշխատել։ Միայն էլեկտրաէներգիան ենք անմիջապես վճարում, որ հանկարծ չանջատեն»,– ընդգծեց ընկերության տնօրենը։

Նրա խոսքով` թե՛ մատակարարները, թե՛ մյուս գործընկերները, հաշվի առնելով անձնական փոխհարաբերություններ, փորձում են ներողամիտ լինել և համբերատար սպասել, մինչև փոխարժեքային տատանումները կհստակեցվեն։

Հիշեցնենք` «Մեղրաձոր գոլդ» ընկերությունը դրամի արժևորման հետ կապված դժգոհություններ ուներ նաև նախորդ տարի` հատկապես արտահանման հասույթի հետ կապված։

Մեղրաձորի հանքը շահագործվում է 1985 թվականից։ 2006թ–ին շահագործումը կասեցվեց, սակայն 2011թ. «Մեղրաձոր գոլդ» ընկերությունը, որը գրանցվել էր 2010 թ-ի սեպտեմբերի 8-ին, շարունակեց հանքի շահագործումը:

2011թ. հանքի պաշարները կազմել են 300 հազար տոննա: «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն 2014-ին նույն տարածքում ոսկու կորզման գործարան կառուցեց, որը Մեղրաձոր գյուղի հարևանությամբ է, մոտակա բնակելի հատվածից` 700 մետր հեռավորության վրա։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը 2022թ. հուլիսի 27-ին բացասական եզրակացություն տվեց «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի Մեղրաձորի ոսկու հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության վերաբերյալ: Ընկերությունը մտադիր էր 17.2 տարով երկարաձգել ընդերքօգտագործման թույլտվության ժամկետը, որը լրանում է 2023թ. սեպտեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս