Բաժիններ՝

Ֆրանսիան որոշել է պայքարել «գերզբոսաշրջության» դեմ

Ֆրանսիայի տարբեր տեսարժան վայրերում զբոսաշրջիկների թվի աճով պայմանավորված՝ երկրի զբոսաշրջության նախարար Օլիվիա Գրեգուարը հայտարարել է այցելուների հոսքը կարգավորելու ծրագիր և «գերզբոսաշրջության» դեմ ռազմավարություն մշակելու մասին: Այս մասին հաղորդում է France 24 պարբերականը:

Ըստ նախարարի՝ Ֆրանսիան պետք է ավելի լավ կառավարի զբոսաշրջային սեզոնի ընթացքում այցելուների մեծ հոսքը, որն ազդում է «շրջակա միջավայրի, տեղացիների կյանքի որակի և այցելուների ձեռք բերած փորձառության վրա»:

Ֆրանսիայի կառավարությունը նախ կստեղծի ոլորտը մշտադիտարկող խումբ, որը կորոշի ամենաշատ վտանգված վայրերը և ռազմավարություններ կմշակի՝ խրախուսելու այցելությունները զբոսաշրջային սեզոնից դուրս:

Ձեռնարկված միջոցառումների ցանկում կարող են լինել նաև կեցության ավելի մեծ հարկերը և տարբեր վայրեր մուտքի ավելի բարձր գինը, ինչը համայնքներին կօգնի հաղթահարել մեծաթիվ այցելուներին դիմավորելու ծախսերը:

Ըստ մասնագետների՝ նաև հարկավոր է պաշտպանել խոցելի հատվածները, քանի որ 25 տարվա ընթացքում Ֆրանսիան կորցրել է կենսաբազմազանության 30 %-ը:

Օրինակ՝ ծովափնյա Էտրետա քաղաքը, որը զբոսաշրջիկներին սկսել է գրավել հատկապես «Netfilx»-ի «Լյուպեն» սերիալից հետո, ունի 1200 բնակիչ, սակայն սեզոնի ընթացքում այնտեղ այցելում է օրական 10 հազար զբոսաշրջիկ: Այցելուները հիմնականում գալիս են մի քանի ժամով, գնում միայն պաղպաղակ, չեն օգտվում ռեստորաններից և հյուրանոցներից, հետևաբար, տեղացիները տնտեսական օգուտներ չեն քաղում:

Իսկ օրինակ՝ Մարսելից ոչ հեռու գտնվող Կալանկի ազգային զբոսայգին հուլիսին և օգոստոսին կընդունի օրական միայն 400 այցելուի՝ ի տարբերություն նախկին 2500-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս