Բաժիններ՝

Մեկնարկեց «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը

Դիմորդներին 2 անգամ քննություն հանձնելու հնարավորություն տալը դրական դինամիկա է ցույց տվել։ Այս մասին հունիսի 20-ին Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Հոգեբանական լարվածության տեսանկյունից դրական ազդեցություն ունի այս հնարավորությունը, սթրեսն ավելի քիչ է»,- նշեց նախարարը։

Ըստ նրա՝ հունվարի համեմատությամբ ցուցանիշների բարելավում կա, նրանք, ովքեր արդեն մեկ անգամ քննություն հանձնել են, ավելի պատրաստ են գալիս հունիսի քննությանը։

«Օրինակ՝ ես հիշում եմ «Քիմիա» առարկայի ցուցանիշները։ Հունվարին 18-20 միավոր, այսինքն՝ գերազանց 7 տոկոսն էր ընդամենը ստացել, իսկ հունիսին արդեն` 14 տոկոսը։ Անբավարար մոտ 37 տոկոսն էր ստացել, իսկ երկրորդ փուլում՝ մոտ 25 տոկոսը: Դիմորդներն ավելի լավ պատրաստվելու և ավելի բարձր միավոր ստանալու հնարավորություն են ունենում: Այս մեթոդը օգնել է նրանց ավելի հարթ պլանավորել իրենց անելիքը»,- ասաց Անդրեասյանը։

Հունվարին մտահոգիչ են եղել նաև «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննության արդյունքները. ընդամենը մի քանի դիմորդ է գերազանց ստացել։

«Սա մեզ համար կարևոր փորձ էր: Երկրորդ փուլից հետո կվերլուծենք արդյունքները, դիմորդների թիվը, կհասկանանք գործընթացում ինչ բարելավումների կարիք կա»,-ասաց Անդրեասյանը:

Նախարարը նշեց՝ որոշ տեղերում քննություն հանձնողների քանակը շարունակում է մտահոգիչ մնալ. Ագրարային համալսարանի մի շարք կարևոր մասնագիտություններով դիմորդների թիվը բավականին փոքր է:

«Որոշ տեղերում նկատում եմ, որ աշխատում են մեր նոր ներդրած մոտեցումները: Այս տարի տարկետման հնարավորություն տվեցինք որոշ մասնագիտություններով, օրինակ՝ ֆիզիկա, քիմիա: Նայելով նախորդ տարիների ցուցանիշները՝ դիմորդների թիվն ավելի քան կրկնապատկվել է, ինչը վկայում է, որ տարկետման գործիքը սկսել է աշխատել: Աճ ունենք նաև մանկավարժականում՝ նախորդ տարի ներդրեցինք կրկնակի որակավորման կրթական ծրագրեր: Բնագիտական ուղղություններով մանկավարժական ծրագրերում շատ վատ ցուցանիշներ ունեինք, հիմա նկատել ենք՝ որոշակի պրոգրես կա»,- ասաց նա:

Նախարարը շրջեց քննական կենտրոնում, զրուցեց դիմորդների հետ, ծանոթացավ նրանց մտահոգություններին և հոգեվիճակին:

Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցի քննական կենտրոնի ղեկավար Կարեն Նազարյանը նշեց՝ նախապես հայտագրվել են 140 դիմորդներ, ներկա են՝ 134-ը: Բացակաները փաստաթղթեր ներկայացնելուց հետո կկարողանան մասնակցել երկրորդ փուլին:

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից քննություն է հանձնելու 4349 դիմորդ: Մայրաքաղաքում քննություն հանձնողների նախնական թիվը 1182 է, մարզերում՝ 3167: Հայոց լեզվի քննությանը հատկացվում է 180 րոպե՝ 3 ժամ։ Գնահատականները հայտնի կդառնան հունիսի 25-ին, բողոքարկումը հունիսի 26-ին է:

Հաջորդ քննությունը «Կենսաբանություն»-ն ու «Աշխարհագրություն»-ն են՝ հունիսի 23-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս