Ոստիկանապետ Վահե Ղազարյանն ու կինը նոր բնակարաններ են գնել. factor.am
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն անցած տարի նոր բնակարան է գնել։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին նրա ներկայացրած 2022 թ-ի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի համաձայն՝ Ղազարյանը 35․7 մլն դրամ փոխառություն է տվել «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ին՝ բնակարանի գնման իրավունքի համար։ «ՄԼ Մայնինգ»-ը հանրային ծառայողների համար պետական ծրագրով բնակարաններ է կառուցում Երևանի «Երազ» թաղամասում (Ադոնցի 19/8), Քանաքեռում (Մելիք Մելիքյան 2/1), Նոր Նորքում (Միկոյան 9/3): Ընկերության միակ սեփականատերը Հատուկ քննչական ծառայության նախկին գլխավոր քարտուղար Դավիթ Սուքիասյանն է։ Վահե Ղազարյանն անշարժ գույք ունի նաև Տավուշի մարզի Իջևան համայնքում․ դա արտադրական նշանակության շինություն է, որը նախարարը գնել է 2005թ-ին։ Եվս մեկ անշարժ գույք՝ անհատական բնակելի տուն, Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում, Ղազարյանը նվիրատվություն է ստացել 2013 թ-ին, երբ զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետի տեղակալի պաշտոնը։
Ղազարյանն ունի 1989 թ-ի արտադրության ԶԻԼ մակնիշի բեռանատար ավտոմեքենա, որը գնել է 2021թ-ին։ Բանկում նրա դրամական միջոցները տարեվերջին կազմել են 912 հազար դրամ, կանխիկը՝ 8500 դոլար և 11 մլն դրամ։ Նախարարի տարեկան եկամուտները կազմել են 21․6 մլն դրամ, որից աշխատավարձ՝ 18․8 մլն դրամ, ՊԵԿ-ից որպես հիփոթեքի գծով եկամտահարկի վերադարձ՝ 2․8 մլն։ Բնակարանի ձեռք բերման համար վերցրած վարկի մայր գումարի մնացորդը տարեվերջին եղել է 27․2 մլն դրամ, իսկ տարվա ընթացքում դրա մարմանն ուղղվել է 3․3 մլն դրամ։ Նախարարն ընտանիքի հետ 90 օրից ավելի փաստացի բնակվել է Երևանի Կենտրոնում բազմաբնակարան շենքի բնակարանում։ Վահե Ղազարյանի կինը՝ Լուսինե Մելիքսեթյանը, ևս անցած տարի բնակարան է գնել, որի համար «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ 1» ընկերությանը որպես փոխառություն տվել է 22 մլն դրամ։ Բանկում նա ունի 598 եվրո և 374 մլն դրամ, իսկ որպես կանխիկ միջոցներ հայտարարագրել է 2 մլն դրամ։ ՆԳ նախարարի կնոջ եկամուտը 2022 թ-ին կազմել է 24 մլն դրամ, որից 22 մլն-ը հիփոթեքի վարկն է «Ամերիաբանկից», 2․4 մլն դրամը՝ աշխատավարձ Երևանի քաղաքապետարանից։ Գայանե Խաչատրյան
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/659080.html
© factor.am