Բաժիններ՝

Իրանը և Ուզբեկստանը համագործակցության շուրջ մի շարք համաձայնագրեր են ստորագրել

Իրանն ու Ուզբեկստանը հունիսի 18-ին մի շարք համաձայնագրեր են ստորագրել համագործակցության շուրջ։ Այդ համաձայնագրերը վերաբերում են առևտրի, տրանսպորտի, դեղագործության, ապահովագրության, տեխնոլոգիաների և նորարարությունների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտներին: Այդ մասին գրում է IRNA գործակալությունը:

Փաստաթղթերն ստորագրվել են Թեհրանում երկու կողմերի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից՝ Իրանի և Ուզբեկստանի նախագահներ Էբրահիմ Ռայիսիի և Շավքաթ Միրզիյոևի ներկայությամբ։

Ինչպես նշում է ուզբեկական Gazeta.uz առցանց հրատարակությունը, դրա հետ մեկտեղ հատուկ ուշադրություն է դարձվել «Կենտրոնական Ասիան Իրանի հետ կապող ամենակարճ տրանսպորտային և լոգիստիկ միջանցքների օգտագործմանը»։ Բացի այդ, երկու պետությունների ղեկավարները քննարկել են միջազգային ահաբեկչության, թմրամաքսանենգության, կիբերահաբեկչության ու մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը և պայմանավորվել են շարունակել երկխոսությունը «Աֆղանստանում խաղաղության ու կայունության ամրապնդման» հարցերի շուրջ։

Ըստ Ուզբեկստանի նախագահի մամուլի ծառայության՝ բացի կառավարությունների, գերատեսչությունների և տարածաշրջանների մակարդակով ընդունված փաստաթղթերից, այցի ընթացքում Միրզիյոևը և Ռայիսին ստորագրել են երկկողմ համագործակցության ամրապնդման շուրջ համատեղ հայտարարություն:

Միրզիյոևի այցը Թեհրան դարձել է ուզբեկական պետության ղեկավարի առաջին ուղևորությունն Իրան ավելի քան 20 տարվա ընթացքում։ 2022 թ. սեպտեմբերին Ռայիսին այցելել է Սամարղանդ, որտեղ մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս