Ռամաֆոսան հուսադրող է համարել աֆրիկյան առաքելության՝ ՌԴ և Ուկրաինա այցի արդյունքները
Աֆրիկայի երկրների խաղաղապահ առաքելությունը հուսադրող է համարում ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիների որոնումների նպատակով Ռուսաստանի Դաշնություն և Ուկրաինա կատարած ուղևորությունների արդյունքները։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր հայտարարել է Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) նախագահ Սիրիլ Ռամաֆոսան։
«Հաշտարար առաքելության հիմնական ձեռքբերումներից մեկը դարձավ այն դրական ընդունելությունը, որը մենք ստացանք երկու կողմերից, որը մենք համարեցինք հուսադրող և որը լավատեսության հիմքեր է ներշնչում, որ (խմբ.՝ մեր կողմից ներկայացված) առաջարկությունները կքննարկվեն, – նշել է նա ՀԱՀ-ի ժողովրդին հղած ամենշաբաթյա ուղերձում: – Մենք (խմբ.՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ղեկավարներին) ներկայացրինք տասը կետից բաղկացած առաջարկություն, որը, մեր կարծիքով, կարող է նպաստել այն տարբեր ջանքերին, որոնք տարբեր կողմեր գործադրում են հակամարտության դադարեցման համար»:
Ռամաֆոսան ընդգծել է, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունը կշարունակի պաշտպանել իր դիրքորոշումը, որի համաձայն ուկրաինական հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների ուղիով և դիվանագիտական միջոցներով:
Աֆրիկայի յոթ երկրների պատվիրակությունը, որի կազմում էին Զամբիայի, Կոմորյան Կղզիների, Սենեգալի, Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները, Եգիպտոսի վարչապետը, ինչպես նաև Կոնգոյի Հանրապետության և Ուգանդայի ներկայացուցիչները, հունիսի 16-ին այցելել է Կիև, որտեղ բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Հաջորդ օրը պատվիրակությանը Սանկտ Պետերբուրգում ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հուլիսին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Ռուսաստանի և Աֆրիկայի գագաթնաժողովի ընթացքում առաքելությունը կշարունակի համապատասխան խորհրդակցությունները ռուսական կողմի հետ։ Կիևի հետ խորհրդակցությունների ժամանակացույցն ու ձևաչափն առայժմ հայտնի չեն: