Բաժիններ՝

Ջենինում մեքենայում տեղադրված ռումբի պայթյունից իսրայելցի 7 զինվորական է վիրավորվել

Պաղեստինի Ջենին քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ պայթել է Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) զրահապատ մեքենայում տեղադրված ռումբը: Միջադեպի հետևանքով վիրավորվել է ԻՊԲ-ի և Իսրայելի սահմանապահ ոստիկանության 7 զինվորական: Այս մասին հաղորդում է Jerusalem Post պարբերականը:

Վիրավոր զինծառայողները տարհանվել են և տեղափոխվել հիվանդանոց. նրանք ստացել են թեթև և միջին ծանրության վնասվածքներ: Նշվում է, որ չնայած վիրավորները տարհանվել են, սակայն ԻՊԲ-ի մինչև 7 մեքենա դեռ մնում է դարանակալված վիճակում: ԻՊԲ-ից, հնարավոր է, մի քանի ժամ պահանջվի այդ մեքենաները տարհանելու համար:

Ըստ հրապարակման՝ զրահապատ մեքենայի վրա իրագործված հարձակումից հետո ԻՊԲ-ն 20 տարվա ընթացքում առաջին անգամ Հորդանան գետի Արևմտյան ափին կիրառել է գրոհային ուղղաթիռներ: Գործի են դրվել նաև ԱԹՍ-ներ:

Իսրայելի անվտանգության ուժերն այսօր առավոտյան մտել են Հորդանան գետի Արևմտյան ափի Ջենին քաղաք՝ հետախուզման մեջ գտնվող 2 անձանց ձերբակալելու նպատակով։ Գործողության ընթացքում ծանր մարտեր են սկսվել Իսրայելի պաշտպանության բանակի զինվորների և պաղեստինցի զինյալների միջև: Ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության՝ բախումների հետևանքով առնվազն 3 պաղեստինցի է զոհվել, 28-ը վիրավորվել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս