
Պեկինում մեկնարկել է Սի Ծինփին-Էնթոնի Բլինքեն հանդիպումը

Երկօրյա այցով Պեկինում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր այցի վերջում հանդիպում է ունեցել Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Չինական կողմը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը, և երկու կողմերը (խմբ.՝ Չինաստանը և ԱՄՆ-ն) համաձայնել են հետևել այն ընդհանուր փոխըմբռնմանը, որին ես և նախագահ Բայդենը հասել ենք Բալիում», – ասել է Սի Ծինփինը՝ նկատի ունենալով անցյալ տարվա նոյեմբերին G20-ի գագաթնաժողովի շրջանակներում Բայդենի հետ կայացած հանդիպումը:
Չինաստանի նախագահը նաև հայտարարել է, որ երկու կողմերն «առաջընթաց են գրանցել և համաձայնության հասել մի շարք կոնկրետ հարցերի շուրջ, ինչը շատ լավ է»:
Նախքան Սի Ծինփինի հետ հանդիպումը Էնթոնի Բլինքենն այսօր հանդիպել է նաև Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վանգ Յինի հետ: Իսկ երեկ նա հանդիպում է ունեցել Չինաստանի արտգործնախարար Ցին Գանի հետ:
2018 թ.-ից ի վեր սա ԱՄՆ պետքարտուղարի առաջին այցն է Չինաստան: Բացի այդ, Բլինքենը Չինաստան այցելող ամենաբարձրաստիճան պաշտոնյան է Ջո Բայդենի՝ նախագահ դառնալուց ի վեր:
Ջո Բայդենի վարչակազմը վերջին շրջանում փորձում էր վերսկսել Պեկինի հետ դիվանագիտական և ռազմական հաղորդակցությունը, որ խաթարվել էր փետրվարին, երբ ԱՄՆ-ն խոցեց Չինաստանի՝ ենթադրաբար լրտեսական օդապարիկը: Այն ժամանակ պլանավորված էր Բլինքենի այցը Չինաստան, սակայն այցը հետաձգվեց օդապարիկի հետ կապված լարվածության պատճառով: