![](/banners/BeFunky-design.jpg)
Չինաստանը Թայվանի հարցում փոխզիջումների չի գնա. Վանգ Յին՝ Բլինքենին
![](https://168.am/wp-content/uploads/2023/06/1113573.jpg)
Պեկինը փոխզիջումների ու զիջումների չի համաձայնի Թայվանի հարցում: Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր հայտարարել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վանգ Յին Պեկինում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ բանակցություններում։
«Ազգային միասնության պահպանումը միշտ եղել է Չինաստանի արմատական շահերի էությունը… Այս հարցում Չինաստանը փոխզիջումների և զիջումների տեղ չունի», – մեջբերում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը Վանգ Յիի խոսքը:
Վանգ Յին ԱՄՆ պետքարտուղարի հետ բանակցությունների ընթացքում Վաշինգտոնից պահանջել է չբորբոքել, այսպես կոչված, չինական սպառնալիքը, չեղարկել Չինաստանի դեմ միակողմանի անօրինական պատժամիջոցները, դադարեցնել Չինաստանի տեխնոլոգիական զարգացման ճնշումը և կամայականորեն չմիջամտել Չինաստանի ներքին գործերին։
Բլինքենը հունիսի 18-ից 19-ը երկօրյա այցով գտնվում է Պեկիում: Երեկ նա հանդիպում է ունեցել Չինաստանի արտգործնախարար Ցին Գանի հետ: Ըստ ամերիկյան որոշ լրատվամիջոցների՝ Բլինքենն այսօր ավելի ուշ կարող է նաև հանդիպում ունենալ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ:
Վերջին հինգ տարիների ընթացքում ԱՄՆ պետքարտուղարն առաջին անգամ է այցելում Չինաստան: Բացի այդ, Բլինքենը Չինաստան այցելող ամենաբարձրաստիճան պաշտոնյան է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ նախագահ դառնալուց ի վեր: