Բլինքենը Պեկին այցի վերջին օրը հանդիպել է Չինաստանի գլխավոր դիվանագետի հետ
: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պեկինում հանդիպում է ունեցել Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Վանգ Յիի հետ: Բլինքենի այցի նպատակն է կարգավորել երկու երկրների հարաբերությունները, որոնք է՛լ ավելի են սրվել փետրվարին Վաշինգտոնի կողմից չինական օդապարիկը խոցելուց հետո: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Էնթոնի Բլինքենը և Վանգ Յին կարճ ողջույնի խոսքից և լուսանկարման արարողությունից հետո հանդիպումն անցկացրել են փակ դռների հետևում:
Իր երկօրյա այցի շրջանակներում երեկ՝ հունիսի 18-ին, Բլինքենը հանդիպում է ունեցել Չինաստանի արտգործնախարար Ցին Գանի հետ: ԱՄՆ պետքարտուղարությունը Ցին Գանի հետ բանակցությունները բնութագրել է որպես «անկեղծ, առարկայական և կառուցողական»:
Ըստ ամերիկյան որոշ լրատվամիջոցների՝ Բլինքենն այսօր ավելի ուշ կարող է նաև հանդիպում ունենալ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ:
Վերջին հինգ տարիների ընթացքում ԱՄՆ պետքարտուղարն առաջին անգամ է այցելում Չինաստան: Բացի այդ, Բլինքենը Չինաստան այցելող ամենաբարձրաստիճան պաշտոնյան է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ նախագահ դառնալուց հետո: