
Անգամ չեմ ուզում մտածել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև խզման հնարավոր հետևանքների մասին, դրանք չափազանց ակնհայտ են․ Օվերչուկ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ խորը, փաստարկված և միանգամայն միանշանակ ասել է, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է և այդ երկրի տնտեսական բուռն աճի հիմնական պատճառը։
ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում այս մասին նշել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի համար Ռուսաստանը մնում է կարևոր առևտրային գործընկեր և արդյոք տեսնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գուցե, հիմա ավելի շատ նայում է դեպի Արևմուտք:
«Նիկոլ Փաշինյանը շատ խորը, փաստարկված և միանգամայն միանշանակ ասել է։ Այդ ամենը հնչել է և՛ Կրեմլում ՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ, և՛ Սոչիում ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է և այդ երկրի տնտեսական բուռն աճի հիմնական պատճառը։ ԵԱՏՄ-ին անդամակցությունը, այն է ՝ մաքսատան բացակայությունը, առանց խոչընդոտների միջավայրը, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժը, մուտքը դեպի ԵԱՏՄ խոշոր շուկա հսկայական առավելություն է տալիս Հայաստանին և հանդիսանում է այն տնտեսական թռիչքի պատճառը, որն այսօր գրանցում է մեզ համար շատ մոտ այս երկիրը։ Մեզ ուրախացնում են մեր դաշնակցի տնտեսական հաջողությունները, որոնք Ռուսաստանի ղեկավարության առաջարկած ինտեգրացիոն կուրսի հավատարմության կենդանի օրինակ են և ապացույց։ Անգամ չեմ ուզում մտածել Հայաստանի և Ռուսաստանի միջև խզման հնարավոր հետևանքների մասին, դրանք չափազանց ակնհայտ են»,- ասել է Օվերչուկը։