Աֆրիկյան պատվիրակության այցի ժամանակ Կիևը ենթարկվել է հրթիռակոծության
Կիևի մարզը ենթարկվել է հրթիռակոծության, որի հետևանքով մի քանի մասնավոր տուն է վնասվել: Կիևի մարզի ոստիկանության պետ Անդրեյ Նեբիտովի հաղորդմամբ՝ հրթիռի ընկնելու վայրում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ոստիկանապետը նաև լուսանկարներ է հրապարակել, որոնցում, իր պնդմամբ, երևում են վնասված տները: ՌԴ պաշտպանության նախարարությունն առայժմ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը:
Ուկրաինայի օդուժը հայտարարել է, որ Կիևի երկնքում խոցել է 12 հրթիռ:
Կիևի հրթիռակոծությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ այնտեղ են գտնվում աֆրիկյան պատվիրակության անդամները: Հարավաֆրիկյան Հանրապետության, Սենեգալի, Զամբիայի և Կոմորյան Կղզիների Միության նախագահները, Եգիպտոսի վարչապետը և Ուգանդայի արտաքին գործերի նախարարը ժամանել են Կիև` հակամարտության կարգավորման ուղիներ առաջարկելու:
Իսկ հունիսի 17-ին աֆրիկյան պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: