Հակառակորդի կողմից զինծառայողների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ՝ հակառակորդի կողմից զինծառայողների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Այս մասին նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
«2023 թվականի հունիսի 15-ին ժամը 13։00-13:30-ի սահմաններում, հակառակորդի՝ Հակարիի կամրջի դիմաց տեղակայված մարտական դիրքերից, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ են արձակվել ՀՀ սահմանապահ զորամասի զինծառայողների ուղղությամբ։
Արդյունքում սահմանապահ վերակարգի ծառայության կրման վայրում ձեռքի և որովայնի շրջանում հրազենային մարմնական վնասվածքներ է ստացել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող Արթուր Ազրոյանը։ Վերջինս տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Պարզվել է նաև, որ վերոնշյալ զինծառայողին դուրս բերելիս հակառակորդի մարտական դիրքից արձակված կրակոցի հետևանքով պատռվել է բուժօգնություն ցուցաբերող մեքենայի վարորդ-զինծառայողի զրահաբաճկոնը։ Զինծառայողն ստացել է թեթև քերծվածք, ֆիզիկական ցավ։ Տեղում առաջին օգնություն ցուցաբերելուց հետո զինծառայողը հետագա բուժօգնության կարիք չի զգացել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշված փաստերի առթիվ նախաձեռնվել է 2 առանձին քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով:
Կատարվում է նախաքննություն, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ: