Սոչիում Մացեստա գետի վարարման պատճառով տները ջրածածկ են եղել, իշխանությունները փակել են լողափերը
Սոչիում հորդառատ անձրևից գետի վարարման պատճառով հեղեղումներ են եղել: Մացեստա գետում ջրի մակարդակն անձրևից հետո կտրուկ բարձրացել է հունիսի 13-ի առավոտյան, Սոչիում տները ջրածածկ են եղել, գազատարը վնասվել է։ Այս մասին հաղորդում է РБК պարբերականը:
Կրասնոդարի երկրամասի մի քանի շրջաններում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել, իշխանությունները որոշել են ժամանակավորապես փակել լողափերը:
Ըստ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի՝ Սոչիի Խոստայի շրջանում ջրածածկ են եղել մեքենաները, տնամերձ տարածքները, շենքերի նկուղները։
«Այսօր ժամը 04:00-ի սահմաններում առատ տեղումների հետևանքով Մացեստա գետի վրա սկսել է աշխատել ջրի մակարդակի բարձրացման տվիչը, որը հասել է «վտանգավոր երևույթի» նշագծին»,- հայտարարել են քաղաքային վարչակազմի մամուլի ծառայությունում։
Մեկ ժամում առնվազն 15 մմ տեղումներ են գրանցվել: Քաղաքի իշխանությունները հայտնել են, որ Սոչիում մինչև օրվա վերջ սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպով ուղեկցվող տեղատարափներ, կարկուտ: Իշխանությունները նաև զգուշացրել են սողանքների վտանգի մասին։
«Այսօր մենք որոշել ենք ժամանակավորապես փակել լողափային տարածքները՝ մինչև եղանակային պայմաններն ամբողջովին կարգավորվեն։ Լողալն արգելված է հանգստացողների անվտանգությունն ապահովելու նպատակով», – ասել է քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին։