Հայաստանը սպասում է Երասխում Ադրբեջանի ագրեսիայի միանշանակ դատապարտմանը միջազգային հանրության կողմից
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Երասխի ուղղությամբ Ադրբեջանի հերթական ագրեսիային, որի հետևանքով վիրավորվել է Երասխում գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի 2 քաղաքացի։
Մարուքյանը «Թվիթեր»-ի իր էջում կատարած գրառմամբ նշել է, որ հունիսի 14-ի առավոտյան ադրբեջանական զինուժը շարունակել է հունիսի 13-ի հարձակումները հայ-ամերիկյան ներդրումներով կառուցվող գործարանի վրա՝ վիրավորելով շինարարական աշխատանքներ իրականացնող օտարերկրյա երկու քաղաքացու։
Մարուքյանն ընդգծել է, որ անպատժելիությունը ծնեց նոր հանցագործություններ ՀՀ ինքնիշխան տարածքի և խաղաղ ժողովրդի դեմ։
«Մենք դեռ անհամբեր սպասում ենք մեր բոլոր գործընկերների կողմից այս ագրեսիայի միանշանակ դատապարտմանը, որը տեղի է ունենում խաղաղ բանակցությունների ընթացքում »,-գրել է Մարուքյանը Twitter–ի իր էջում։