Բաժիններ՝

Ճապոնիայի վարչապետն այս շաբաթ կարող է ցրել խորհրդարանը և վաղաժամկետ ընտրություններ հայտարարել

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան արդեն այս շաբաթ կարող է հայտարարել խորհրդարանի առանցքային ստորին պալատը ցրելու և վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու մասին: Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին հաղորդել է Fuji Television հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ եթե ընդդիմությունը կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևի նախագիծ ներկայացնի, ապա Կիսիդան կարող է հունիսի 16-ին հայտարարել խորհրդարանը ցրելու մասին: Ընդդիմության բանաձևի նախագծի ընդունման դեպքում նախարարների կաբինետին անվստահության քվե կհայտնվի, սակայն իշխող դաշինքը՝ Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության գլխավորությամբ, մեծամասնություն ունի խորհրդարանի ստորին պալատում, ուստի չի կարելի հույս դնել իրադարձությունների նման զարգացման վրա։ Սակայն, ըստ հեռուստաալիքի, նման բանաձև ընդունելու փորձը Կիսիդային հարկադրել է մտածել խորհրդարանը ցրելու մասին։

Միևնույն ժամանակ Fuji Television-ի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ խորհրդարանը ցրելու մասին կարող է հայտարարվել մինչև հունիսի 21-ը, երբ ավարտվի նրա ընթացիկ նստաշրջանը։

Ստորին պալատի նախորդ ընտրություններն անցկացվել են 2021 թվականի հոկտեմբերի 14-ին: Ստորին պալատը գերակայություն ունի վերին պալատի նկատմամբ պետության ղեկավարի ընտրության և պետբյուջեի նախագծի ընդունման ժամանակ։

Պատգամավորների լիազորությունների ժամկետը պետք է ավարտվի 2025 թ. հոկտեմբերի 13-ին, որից հետո երկրում պարտադիր կարգով պետք է անցկացվեն ընտրություններ։ Սակայն, ինչպես հաղորդվում է, Ճապոնիայի կառավարության ղեկավարները հաճախ են ցրում խորհրդարանը և վաղաժամկետ ընտրություններ անցկացնում՝ իրենց դիրքերն ամրապնդելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս