Բելգիայի ֆլամանական խորհրդարանում Արցախի վերաբերյալ բանաձև է ընդունվել
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աշխատանքների արդյունքում Բելգիայի Ֆլամանական խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովում Արցախի վերաբերյալ բանաձև է ընդունվել՝ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի անհապաղ բացման և Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջներով։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը տեղեկացնում է, որ բանաձևում արձանագրված է, որ Լաչինի միջանցքը, Արցախը Հայաստանի Հանրապետության հետ կապող կենսական կարևոր օղակ է, ինչը արգելափակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից։ Շրջափակումը հումանիտար ճգնաժամ է առաջացնում Արցախի տեղաբնիկ հայ բնակչության համար և խոչընդոտում առաջին անհրաժեշտության պարագաների, մարդասիրական օգնության մուտքն ու տնտեսական հնարավորությունները։ Ֆլամանդական խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովը ընդունում է հարցի հրատապությունը և կոչ անում Ադրբեջանին` անհապաղ վերացնել շրջափակումը` ապահովելով ապրանքների, ծառայությունների հոսքն ու մարդկանց տեղաշարժը միջանցքով։
Ավելին, բանաձեւում ընդգծվում է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը։ Նշվում է, որ ինքնիշխան պետության սահմաններում օտարերկրյա ռազմական ուժերի ներկայությունը միջազգային իրավունքի խախտում է և ինքնիշխանության սկզբունքների խաթարում։ Բանաձևը կոչ է անում ԵՄ-ին` դրդել Ադրբեջանին դադարեցնելու իր թշնամական քաղաքականությունը հայ ժողովրդի դեմ և ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, որը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ։
Բանաձեւի նախաձեռնող, Ֆլամանական խորհրդարանի անդամ Ալեսիա Քլեյսը, որը ներկայացնում է Նոր ֆլամանական «Ալիանս» կուսակցությունը, անդրադառնալով բանաձևի ընդունմանը, նկատել է. «Ես շատ գոհ եմ, որ խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովը հավանություն է տվել հայ-ադրբեջանական հակամարտության՝ ներառյալ Լաչինի միջանցքի փակման և հումանիտար իրավիճակի վերաբերյալ մեր բանաձևին։
Մենք միասնական ենք՝ դատապարտելու շարունակվող պատերազմը և կոչ ենք անում բոլոր կողմերին արդյունավետ քննարկումներում առաջ շարժվել դեպի կայուն խաղաղություն»:
Բանաձևի քննարկումներ ընթացքում խորհրդարանի անդամ և բանաձևի համահեղինակ Կարլ Վանլաուեն մասնավորապես նշել է. «Այս բանաձևը հայ համայնքի հետ բազմաթիվ զրույցների և ֆլաման լրագրող Յենս Դե Ռեյկի հետ քննարկումների արդյունք է, որին անցած շաբաթ հյուրընկալել էինք հանձնաժողովում։ Նա ներկայացրել է Կովկասում ավերիչ հակամարտությունը։ Լաչինի միջանցքի ներկայիս շրջափակումը իսկական հումանիտար ճգնաժամ է։ Դա պետք է դադարեցվի հիմա»։
Անդրադառնալով բանաձեւին՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նշել է. «Մենք բարձր ենք գնահատում ֆլաման պատգամավորների աշխատանքը, մասնավորապես նրանց, ովքեր առաջնորդող դեր են խաղացել և անխոնջ կերպով հանդես են եկել ադրբեջանական ագրեսիայի, ինչպես նաև Արցախում էթնիկ զտումների քաղաքականության դեմ։ Արցախի բնիկ հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը հավասար է նրա կյանքի իրավունքին, որը պետք է անզիջում կերպով պաշտպանել»: