
Ռոբերտ Խաչատրյանն ու Աբբաս Բադախշան Զոհուրին քննարկել են բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հեռանկարները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ հայկական ու իրանական տեխնոլոգիական ընկերությունների միջև կապերի զարգացման հնարավորությունները:
Նախարար Ռոբերտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Զոհուրիին Հայաստանում իրականացրած դիվանագիտական առաքելության ընթացքում հայ-իրանական համագործակցության ամրապնդման ուղղությամբ գործադրած ջանքերի համար և վերահաստատել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունն՝ աջակցելու հայ-իրանական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:
Ռոբերտ Խաչատրյանն անդրադարձել է իրանական ընկերությունների հետ համագործակցության հնարավորություններին և այդ առումով առանձնացրել է մարտի 10-12-ին Երևանում անցկացված «ԴիջիԹեք Էքսպո 2022» ցուցահանդեսին իրանական ընկերությունների մասնակցությունը: Նախարարն ընդգծել է, որ շատ տպավորված էր իրանական ընկերությունների՝ հայկական շուկայի համար առաջարկված լուծումներով և հայկական ընկերությունների հետ համագործակցության պատրաստակամությամբ: Ռոբերտ Խաչատրյանի խոսքով՝ ընկերությունների միջև փոխգործակցության զարգացման հնարավորությունները բազմաթիվ են, իսկ նախարարության դերն այս գործընթացում ճիշտ հասցեատերերին միմյանց կապելն է:
Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր խոսքում նշել է, որ երկկողմ համագործակցությունը զարգացնելու համար երկու երկրներն առաջին հերթին պետք է բարձրացնեն միմյանց ներուժի և հնարավորությունների մասին ճանաչողության մակարդակը: Դեսպանն առանձնակի շեշտել է Հայաստանի և Իրանի պատմական խորը կապերը և նկատել, որ լուրջ նախադրյալներ կան տարբեր բնագավառներում, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման համար: