Բաժիններ՝

Ռայիսին և Մադուրոն Կարակասում բանակցություններ են վարել

Պաշտոնական այցով Կարակասում գտնվող Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հանդիպում է ունեցել Վենեսուելայի իր պաշտոնակից Նիկոլաս Մադուրոյի հետ: Կողմերը բանակցություններից հետո հանդես են եկել մամուլի ասուլիսով: Ռայիսիի խոսքով՝ Թեհրանի և Կարակասի միջև ապրանքաշրջանառությունը 2021 թ.-ի 600 միլիոն դոլարից ներկայում աճել է՝ հասնելով ավելի քան 3 միլիարդ դոլարի:

Ասուլիսի ժամանակ Ռայիսին հայտարարել է, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կարող է 10 միլիարդ դոլարի հասնել առաջին փուլում, իսկ 20 միլիարդ դոլարի՝ երկրորդ փուլում։

«Իրանն ու Վենեսուելան ընդհանուր դիրքորոշում ունեն անկախության, ազատության և արդարության ոլորտներում»,- հավելել է նախագահը։

Ռայիսին Իրանը համարել է Վենեսուելայի բարեկամը դժվարին ժամանակներում, քանի որ երկու երկրներն էլ ընդհանուր թշնամիներ ունեն։ Մատնանշելով ընդհանուր շահերն ու դիրքորոշումները՝ Իրանի նախագահը նշել է, որ Վենեսուելայի հետ երկկողմ հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում։

Ամփոփելով Մադուրոյի հետ հանդիպումը` Իրանի ղեկավարը երկկողմ բանակցությունները որակել է արդյունավետ։

«Չնայած հարաբերությունների ընդլայնմանն ուղղված միջոցառումներին, Վենեսուելայի հետ համագործակցության ընդլայնման համար դեռ շատ հնարավորություններ կան», – նշել է Իրանի նախագահը։

Իրանի և Վենեսուելայի պաշտոնատար անձինք հունիսի 12-ին երկու երկրների նախագահների ներկայությամբ ստորագրել են համագործակցության շուրջ փաստաթղթեր։

Իրանի արտաքին գործերի, նավթի, պաշտպանության և զինված ուժերի աջակցության, առողջապահության, մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարարներն ու Վենեսուելայի նրանց գործընկերները ստորագրել են համագործակցության վերաբերյալ 19 փաստաթուղթ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կապի և տեղեկատվական տեխնոլոգիաները, էներգետիկան, ապահովագրությունը, ծովային տրանսպորտը, բարձրագույն կրթությունը, գյուղատնտեսությունը, դեղագործությունը և բժշկությունը, մշակույթը, ինչպես նաև հանքարդյունահանող համագործակցության զարգացումը։

Իրանի նախագահը քաղաքական և տնտեսական պատվիրակության գլխավորությամբ հունիսի 12-ի առավոտյան Վենեսուելա է ուղևորվել իր հնգօրյա լատինամերիկյան շրջագայության շրջանակներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս