Կհիմնադրվի Եվրասիական վերաապահովագրական ընկերություն, գլխամասը կլինի Երևանում

Կստեղծվի Եվրասիական վերաապահովագրական ընկերություն, գլխամասը կլինի Հայաստանում:

«Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը Հայաստանի ազգային ժողովին ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Ընկերությունը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ստեղծվում է ԵԱՏՄ փոխադարձ և արտաքին առևտրի խթանման, համատեղ կոոպերացիոն ծրագրերի և ներդրումների իրագործման նպատակով՝ լրացնելով ընկերության անդամ պետությունների արտահանման վարկային գործակալությունների գործառույթները վերազգային մակարդակում: Սա, երևի թե, առաջին նմանատիպ ընկերությունն է, որի գլխամասը գտնվելու է Հայաստանում, Երևանում»,-ասաց նախարարը՝ համարելով այն կարևոր ձեռքբերում:

Ընկերության հիմնադրման նպատակն է աջակել ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի, ներդրումների ծավալների մեծացման, տնտեսական ինտեգրման զարգացմանը, ներդրումային գրավչության բարձրացմանը և երրորդ երկրների հետ միության առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը:

Քերոբյանը նշեց, որ 2022թ փետրվարի 24-ից հետո մի շարք միջազգային վերաապահովագրական ընկերություններ հրաժարվել են շարունակել Հայաստանից և ոչ միայն Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքների ապահովագրությունների վերաապահովագրումը: Արդյունքում էական դժվարություններ են ստեղծվել Հայաստանի արտահանողների համար: «Եվ արդյունքում Հայաստանի արտահանման ապահովագրական ՓԲԸ-ն դժվարություններ ունեցավ արտահանողներին իրենց գործարքներում օժանդակելու գործում: Եվրասիական վերաապահովագրական ընկերության ստեղծումը թույլ է տալու, որ ունենանք լրացուցիչ գործիք, որը կօգնի վերաապահովագրել նաև մեր արտահանման ապահովագրական ընկերության ստանձնած ռիսկերը»,-ասաց Քերոբյանը:

ՀՀ-ն այս ընկերությունում մասնակցում է 3 տոկոսի չափով, ներդրվելու է 450 մլն ռուբլի:

Տեսանյութեր

Լրահոս