Փոփոխություններ՝ համայնքային ոստիկանների համար, կլինեն նաև օպտիմալացումներ
Կառավարությունը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց օրենսդրական նախաձեռնություն, որով համայնքային ոստիկանության շրջանակում իրականացվում են տարբեր փոփոխություններ, համայնքային ոստիկանությունը կդառնա շատ ավելի ունիվերսալ՝ կատարելով թե այս պահին իր առջև դրված խնդիրների իրականացումը, թե զբաղվելով անչափահասների ու ընտանեկան բռնության գործերով:
«Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը:
«Առաջարկվում է համայնքային ոստիկանության շրջանակում կատարել տարբեր փոփոխություններ, որոնք կօժանդակեն այս ծառայությունն ավելի արդյունավետ իրականացնելուն: Ոստիկանության բարեփոխումների շրջանակներում Ոստիկանությունը պատկերացնում ենք 4 հենասյունային ուղղություններով՝ քրեական ոստիկանությունը, պարեկային ծառայությունը, ոստիկանական գվարդիան և համայնքային ոստիկանությունը: Եվ հայեցակարգային որոշ փոփոխություններ ենք առաջարկում այս բնագավառում, որ այն առաջնային օղակը, որը տարածքներում շատ ավելի տեղեկացված է համայնքի իրավիճակից, կարողանա ավելի արդյունավետ արձագանքել տվյալ իրավիճակին»,-ասաց Սարգսյանը:
«Առաջարկվում է նաև սահմանել, որ համայնքային ոստիկանները նաև կիրականացնեն ոչ մեծ և միջին ծանրություններով օպերատիվ հետախուզական աշխատանք: Սա կիրականացնենք ենթաօրենսդրական դաշտի մակարդակում»,-ասաց փոխնախարարը:
Բացի օրենսդրական փոփոխությունից, կլինեն նաև վերապատրաստումներ ամբողջ անձնակազմի համար, օպտիմալացումներ: Ըստ փոխնախարարի՝ կան բավականին մեծ թվով համայնքային ոստիկանության ծառայողներ: «Եվ պետք է հաշվի առնել արդի ժամանակահատվածում նրանց տրամադրվող ֆունկցիոնալ բազան և դրան համահունչ հասկանալ նաև հաստիքային միավորները»,-ասաց նա: