ՀՅԴ գերագույն ժողովը թեժ է անցել. մի մասը դեմ է եղել Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՅԴ գերագույն ժողովը, որը մեկնարկել էր հունիսի 9-ից, երեկ ավարտվեց. ընտրվել է ՀՅԴ գերագույն մարմնի նոր կազմ, ԳՄ ներկայացուցիչ է վերընտրվել Իշխան Սաղաթելյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ժողովի ընթացքում քննարկվել են կուսակցության գործունեության, ռազմավարության հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաեւ քննարկվել են Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների առջեւ ծառացած մարտահրավերները: «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՀՅԴ գերագույն ժողովից: Այսպիսով, տեղեկացանք, որ ՀՅԴ ժողովը շատ թեժ է անցել, տարաձայնություններ են եղել՝ հատկապես Իշխան Սաղաթելյանի՝ ԳՄ ներկայացուցիչ ընտրվելու հետ կապված, դաշնակցականների մի մասը դեմ է եղել նրա թեկնածությանը, դժվարությամբ են կարողացել համաձայնության գալ Սաղաթելյանի թեկնածության շուրջ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՅԴ-ական, ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանն այս առիթով ասաց. «Նախ հաստատում եմ, որ ժողովը թեժ է անցել, մեր բոլոր ժողովներն են այդպես անցնում: Հատկապես երկրում ստեղծված այս իրավիճակում չէր կարող այլ կերպ լինել, քանի որ եղել են քննարկումներ՝ ստեղծված իրավիճակի, դրանից դուրս գալու ելքերի մասին: Մեր ժողովների ժամանակ մշտապես հնչում են տարբեր կարծիքներ, որեւէ սահմանափակում չունեն այդ կարծիք հնչեցնողները, բոլոր դաշնակցականները ազատորեն արտահայտում են իրենց կարծիքը:
Ինչ վերաբերում է ՀՅԴ ԳՄ նոր կազմի ընտրությանը, մենք մշտապես ընտրում ենք կազմ, իսկ եթե ԳՄ անդամներից որեւէ մեկին ժողովի մեծամասնությունը դեմ լինի, որեւէ տարբերակ չկա, որ այդ մարդն ընտրվի. մեզ մոտ իսկապես կա ներքին լայն ժողովրդավարություն, անհնար է որեւէ մեկի ընտրությունը ՀՅԴ ԳՄ կազմում, եթե դրան դեմ են կուսակցության մեծամասնությունը: Եթե ընտրվել է այս կազմը, ուրեմն մեծամասնությունը քվեարկել է այդպես. անհնար է լինի մեծ դիմադրություն մեկի մասով, եւ նա ընտրվի ՀՅԴ ԳՄ կազմում»: Այդ թվում Իշխան Սաղաթելյանի՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ ընտրվելո՞ւ մասով. հետաքրքրվեցինք Վարդանյանից։ «Դա բոլորին վերաբերում է, այդ թվում՝ առաջին հերթին ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի ընտրությանը»,-պարզաբանեց նա»: