
Հնդկաստանի ԱԳ նախարարը հայտնել է G20-ի օրակարգից Ուկրաինայի թեմայի դուրս գալու մասին

G20-ի օրակարգից դուրս են մնացել Ուկրաինային վերաբերող թեմաները: Հնդկաստանին հաջողվել է ուշադրությունը կենտրոնացնել զարգացող երկրների խնդիրների վրա։
Այս մասին հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը՝ ամփոփելով G20-ի երկրների նախարարական հանդիպումը:
«Անցյալ տարի պարզ էր, որ հիմնական շեշտը դրված էր Ուկրաինայում հակամարտության վրա: Ժամանակի ընթացքում սկսեց արմատավորվել այն, որ հակամարտությունը և դրա հետևանքները չպետք է մթագնեն կամ ամբողջովին երկրորդ պլան մղեն հարավի իրական խնդիրները, որտեղ կան երկրներ որոնք տառապում են սննդամթերքի և վառելիքի պակասից»,- ասել է ԱԳ նախարարը:
Նա շեշտել է, որ, չնայած այդ ամենին, Ուկրաինայի հակամարտության լրջությունը բոլորովին չի նվազել: