ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը մեկնել է Ուկրաինա՝ Զելենսկիի հետ հանդիպման
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսին մեկնել է Ուկրաինա, որտեղ կհանդիպի երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:
«Ուղևորվում եմ Ուկրաինա՝ հանդիպելու նախագահ Զելեսնկիի հետ և ներկայացնելու աջակցության ծրագիր՝ կապված Նովայա Կախովկայի ամբարտակի աղետալի հեղեղման հետ: Կգնահատեմ Զապորոժիեի ատոմակայանում իրավիճակը, կկատարեմ Զապորոժիեում ՄԱԳԱՏԷ-ի աջակցության և օգնության առաքելություն ռոտացիա՝ ուժեղացված թիմով», – գրել է Գրոսին:
Ուկրաինայում պատերազմի ընթացքում մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակը փլուզվել է հունիսի 6-ի գիշերը, որի հետևանքով տասնյակ բնակավայրեր հեղեղվել են: Կողմերը ՀԷԿ-ի գնդակոծման մեջ մեղադրում են մեկը մյուսին: Հազարավոր մարդիկ տարհանվել են թե՛ ռուսական, թե՛ ուկրաինական վերահսկողության տակ գտնվող շրջաններից, կան նաև զոհեր:
Կախովկայի ջրամբարը ջուր է ապահովում Զապորոժիեի ատոմակայանի հովացման ավազանի համար: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ ատոմայականի անվտանգությանը վտանգ չի սպառնում: